«Նռան գույնը» պարային ներկայացումը երկխոսության հրավեր է. բեմադրիչ Սաթէ Խաչատրյան
Մարտի 15-ին և 16-ին Ալ.Ապենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման միջոցով միախառնվելու և երկխոսելու են մշակույթները։
«Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Ներկայացման գաղափարի հեղինակն է բեմադրիչ, ֆրանսիական «Սաթե-Ատղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանը, պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին, երաժշտությունը՝ Հող Արթու: Ներկայացման մեջ միաձուլված են հիփ-հոփը և հայկական ավանդական պարը, հայկական ավանդական և էլեկտրո երաժշտությունները։
Ներկայացման ֆրանսիական պրեմիերան կայացել է հունվարի 19-ին՝ արժանանալով հանդիսատեսի բուռն արձագանքին։
Panorama.am-ը զրուցել է Սաթէ Խաչատրյանի հետ։
Panorama.am- Ինչպե՞ս առաջացավ մտահղացում, գաղափար ստեղծել «Նռան գույնը» պարային բեմադրությունը։ Ո՞րն էր նման բեմադրություն ստեղծելու նպատակը։
Սաթէ Խաչատրյան- «Սաթե-Ատղը» թատերական միության նպատակը մշտապես եղել է հայկական մշակույթի հանրահռչակումը Ֆրանսիայում, իհարկե, նաև Հայաստանում ֆրանսիական մշակույթի հանրահռչակումը։ Մասնավորապես, ֆրանսիական ժամանակակից թատրոնների հանրահռչակմանը միտված նախագծեր իրականացրել ենք 2016 թվականից, շարունակում ենք համագործակցել հայկական տարբեր թատրոնների, հատկապես մարզային թատրոնների հետ։
Ինչ վերաբերում է «Նռան գույնը» նախագծին, սկսեմ սկզբից. երբ 2021 թվականին մենք ցանկություն ունեցանք անդրադառնալու Սերգեյ Փարաջանովին, շատ լավ հասկանում էինք՝ քանի որ մեծ նախագիծ ենք ուզում, հնարավոր չէր լինի իրականացնել 6-8 ամսում։ Եվ քանի որ 2024 թվականին նշվում է Փարաջանովի 100-ամյակը, որոշեցինք մեր նախագիծն այդ ժամանակ էլ ներկայացնել։ 2021 թվականից սկսեցինք պատրաստվել։
Մեկ ժամյա ներկայացումը դիտելով՝ հանդիսատեսը չի էլ կարող պատկերացնել, որ դրա հետևում 3 տարվա աշխատանք կա։
Մենք ուրախ ենք, որ գաղափարից այս ամենը վերածվեց նախագծի, նախագծից՝ իրողության և ներկայացումն այսօր արդեն գալիս է Երևան՝ ներկայանալու հայ հանդիսատեսին։
Panorama.am- Հե՞շտ էր պարային լեզվով փոխանցել Փարաջանովի սիմվոլիկան։
Սաթէ Խաչատրյան-Իհարկե, ինքնին պատասխանտու գաղափար էր ներկայացելու Փարաջանովին, միաժամանակ պետք էր ի սկզբեն ճիշտ ընտրել ժանրը՝ ներկայացնելու կինոռեժիսորին։ Բնականաբար, մենք ցանկացանք դա անել իր ստեղծագործություններից մեկով, որն ամենահայկականն է, մեր մասին ամենաշատը պատմողը, միաժամանակ այդքան հայկական ֆիլմն այդքան համարձակ ձևով է ներկայացված։ Կարծում եմ՝ իր համարձակ լինելն է մեզ տվել համարձակություն անդրադառնալու իր ստեղծագործությանը։
Ինչո՞ւ պարի լեզվով։ Երևի ամենաառաջին բանը, որ իմ ուշադրությունը գրավել է ֆիմը բոլոր դիտումների ժամանակ, մարմնի լեզուն է։ Իհարկե, սիմվոլիկան, գույներն իրենց ուրույն ու կարևոր տեղն ունեն, բայց ֆիլմում ապշելու աստիճան ներկա է պարը, մարմնի ժեստը։ Սայաթ-Նովայի, սիմվոլիկ հերոսների, նույնիսկ հոգևորականների շարժ ու ձևը, քայլվածքը, ժեստերն այնքան պարային են, հետաքրքիր ու յուրօրինակ, որ, այո, հենց պարի լեզվով էր պետք ներկայացնել այդ ֆիմը։ Դրանից հետո մտածեցինք, թե ում հետ կարելի է համագործակցել։ Մուրադ Մերզուկին առաջին անունն էր, որ եկավ մեր մտքին։ Նա շատ տաղանդավոր մարդ է, հրաշալի, պարուսույց ու շատ հայտնի։
Այս երեք գործոնը՝ տաղանդ, հետաքրքիր ստեղծագործող, հայտնի արվեստագետ, մեզ համար շատ կարևոր էր։ Որպեսզի Փարաջանովին հնարավորինս շատ մարդիկ ճանաչեն, անպայման նրան պետք է անդրադառնա տաղանդավոր, նաև շատ ճանաչված արվեստագետ։
Հանդիպեցինք Մուրադի հետ, ասացինք՝ հայկական մշակույթին նվիրված նախագիծ ունենք։ Ուրախ եմ, որ մեր առաջին հանդիպումը, զրույցը հետաքրքիր ընթացք ունեցավ։ Չէր ճանաչում Փարաջանովին, հայկական մշակույթը, միայն թերևս գիտեր հայերի մասին այն, ինչ բոլորը՝ պատմության ամենաողբերգական էջերը։ Բայց որ կարող ենք այսքան ողբերգությունների միջով անցնել ու ունենալ այսչափ հարուստ, լուսավոր մշակույթ, չգիտեր... դա հետագայում իր խոստովանությունն էր։
Ուրախ եմ, որ այս ներկայացման միջոցով բավականին մեծ լսարան ճանաչեց Փարաջանովին, հայկական մշակույթը։
Մեր ներկայացման համար երկու անգամ եկանք Հայաստան։ Ներկայացման մեջ ներգրավված են 7 պարողներ, երկուսը Հայաստանից են, մյուսները՝ Ֆրանսիայից։
Գրվել է հրաշալի երաժշտություն. հայկական ժողովրդական երգին ու երաժշտությանը միաձուլված է ժամանակակից, էլեկտրո երաժշտությունը։ Պարի մեջ կտեսնեք հայկական ժողովրդական պարը՝ միախառնված մոդեռնի, հիփ-հոփի հետ։ Կարծում եմ՝ այս երկխոսությունն է խիստ հատուկ Փարաջանովին։ Այս դեպքում երկխոսում են մշակույթները պատկերների միջոցով, իսկ Փարաջանովի ֆիլմերում երկխոսում են մշակույթները, արվեստները, կրոնները, մարդիկ, ժողովուրդները։ Այդ առումով մեր ներկայացման կոնցեպետը, չեմ կարծում, հեռու է Փարաջանովից ու նրա տեսակից։
Panorama.am- Այն արդեն ցուցադրվել է Ֆրանսիայում։ Ինչպիսի՞ն են արձագանքները։ «Նռան գույնը» շատ հայկական է իր իմաստով՝ նկատի ունեմ ֆիլմում ներկայացված առարկաներ, ծեսեր։ Արդյո՞ք այդ ամենն ընկալելի է ֆրանսիացի հանդիսատեսի համար։
Սաթէ Խաչատրյան-Հունվարի 19-ին Ֆրանսիայում կայացավ ներկայացման առաջնախաղը։ Շատ մեծ հաջողություն ունեցավ, ներկա էին ֆրանսիական քաղաքական գործիչներ, սենատորներ, պատգամավորներ քաղաքապետեր։
Երեք ներկայացման ժամանակ դահլիճները լեփ-լեցուն են եղել։ 2500 հանդիսական։ Ազնվորեն ասեմ, երևի նրանցից 200-300 էին լսել Փարաջանովի մասին մինչև ներկայացմանը ներկա գտնվելը։ Ի ուրախություն բոլորիս, ներկայացման վերջում դահլիճից բոլորը դուրս եկան Փարաջանովին ճանաչելով։
Նմանատիպ նախագծերը նպատակ ունեն ավելի լայն հանրությանը ներկայացնելու այն արվեստագետներին, որոնք կարևոր ու մեծ արժեքներ են ստեղեծել թե մեր ժողովրդի, թե համաշխարհային մշակույթի, տվյալ պարագայում կինոարվեստի համար։
Ովքեր ճանաչում էին Փարաջանովին, տեսել էին հատկապես «Նռան գույնը» ֆիլմը, կրկնի հիացած էին՝ ասելով, որ այնքան մոտ ու այնքան տարբեր էր։ Մուրադ Մերզուկին կարողացել է հանդիսատեսին փոխանցել մոգականությունը, ճամփորդությունը, որովհետև Փարաջանովի ֆիլմն էլ է ճամփորդութուն, մեր ներկայացումն էլ։ Ճափորդում ենք ոչ միայն Փարաջանովի աշխարհով՝ նրա պատկերների, սիմվոլների միջոցով, այլ ժամանակի, ժամանակների ճամփորդություն է սա։ Հետաքրքիր պատկերներով է ներկայացումը համեմված՝ վերցված ֆիլմից ու նաև Մուրադի երևակայությունից։
Կարծում եմ՝ այս ներկայացումը երկու հրաշալի արվեստագետների երկխոսություն է, յուրաքանչյուրն իր բնագավառում, իր ոլորտում հրաշալի գործեր է ստեղծել՝ Փարաջանովը ժամանակին կինոարվեստում, այսօր էլ Մուրադը պարարվեստի ոլորտում։ Նրանք մնայուն արժեքներ են ստեղծել։
Վստահ եմ, որ հայ հանդիսատեսը ևս շատ կսիրի այս ներկայացումը, նորովի կբացահայտի Փարաջանովին ու կվայելի պարային այս ներկայացումը։ Հայաստանյան պրեմիերայից հետո մարտի 18-ին «Նռան գույնը» կներկայացվի Թբիլիսիում։
Panorama.am-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի այսօրվա թատրոնը։ Այսօր, կարծեք, հանդիսատեսն այլ պահանջներ ունի։ Ինչքանո՞վ եք փորձում հետևել այդ պահանջներին։
Սաթէ Խաչատրյան- Եթե արվեստագետն ազնիվ է, ապա անպայմանորեն իր ստեղծած արվեստի գործը կդիպչի հանդիսատեսի սրտին։ Եթե արվեստագետն ազնիվ է, ուրեմն նաև իր ժամանակի մարդն է, իր ժամանակի խնդիրներով և ռիթմով ապրող։ Վստահ եմ՝ եթե որևէ մեկը չի փորձում անպայման զարմացնել, ապշեցնել հանդիսատեսին, այլ ազնվորեն անում է իր գործը, անկասկած, հաջողության կհասնի։
Այս ներկայացման հաջողությունը, այո, տարբեր ազգերի, մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների անկեղծությունն ու ազնվությունն էր իրենց գործի մեջ, երկխոսելու ցանկությունը։ Այս ներկայացումը երկխոսության հրավեր է. ինչպես Փարաջանովն իր բոլոր ֆիլմերով աշխարհին հրավիրում է երկխոսության, վերջում միշտ ասում՝ աշխարհին կհաղթի սիրով։ Հավատում եմ այդ փիլիսոփայությանը, վստահ եմ՝ Փարաջանովն աշխարհին հաղթել է սիրով, իր ֆիլմերն են հաղթել են աշխարհին՝ շատ սեր տալով։
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան