Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականությունը երբեք ոչ մի երկրի լավ արդյունք չի տվել. Քաղաքագետ
«Ռուս-հայկական հարաբերություններում այսօր տեղի ունեցող գործընթացներն ամենևին դիվերսիֆիկացիա չէ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Արման Ղուկասյանը։
Նրա խոսքով, երբ փորձում ես զարգացման լրացուցիչ ուղիներ փնտրել, պետք չէ քանդել զարգացման հիմնական վեկտորը, ինչպես հիմա անում են Հայաստանի իշխանությունները։
«Ակնհայտ է, որ Մոսկվայի հետ քաղաքական հարաբերությունները խզելու միտումնավոր քաղաքականություն է տարվում։ Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքականապես շարժվում են դեպի Արևմուտք, բայց ցանկանում են տնտեսական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, քանի որ նրանք հիանալի հասկանում են, որ Հայաստանն ուղղակի այլընտրանք չունի ռուսական շուկային»,-նշել է նա՝ ավելացնելով, որ եվրոպական շուկաները լոգիստիկայի և ներքին այլ հատկանիշների պատճառով չեն կարող այլընտրանք դառնալ ռուսականին։
Քաղաքագետը հիշեցրել է, որ Հայաստանի երկնիշ տնտեսական աճի մոտ 9%-ը ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության արդյունք է։
«Միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է ավելի քան 7 միլիարդ դոլար (աճը՝ 42,7%)։ Սակայն Հայաստանի իշխանությունները լռում են այդ մասին»,- ընդգծել է նա։
Ղուկասյանի համոզմամբ, Փաշինյանի Ժնև և Փարիզ կատարած այցից հետո Հայաստանում հակառուսական հռետորաբանությունը ավելի է ակտիվացել, նման հայտարարություններ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից լսում ենք գրեթե ամեն օր։
Անդրադառնալով ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվող այն տեղեկություններին, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են դիմել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, Ղուկասյանը նշել է. «Նման քաղաքականությունը կարող է Հայաստանին բերել, մեղմ ասած, ոչ լավ վիճակի։ Մենք բոլորս հանդես ենք գալիս Հայաստանի բարօրության և բարգավաճման, նրա ինքնիշխանության և անվտանգության օգտին, սակայն այդ քայլերն ու այն քաղաքականությունը, որ այսօր իրականացնում է ՀՀ կառավարությունը, չեն կարող ապահովել մեր երկրին լավ ապագա։ Երբեք Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականությունը ոչ մի երկրի լավ արդյունք չի տվել։ Օրինակները շատ են, և պետք է միայն շուրջը նայել»։
Նա ցավով է արձանագրել, որ 2023 թ-ին Հայաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը Ռուսաստանի հարևան երկրների բարեկամության վարկանիշում, որը կազմել է Կապի զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա), մինչդեռ 2022 թվականին Հայաստանը 5-րդ հորիզոնականում էր։
«Մեկ տարում վարկանիշային աղյուսակում թռիչքաձև անկում ենք ապրել՝ շնորհիվ այն քաղաքականության, որն այսօր ակտիվորեն իրականացնում է պաշտոնական Երևանը»,- եզրափակել է Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արմեն Գրիգորյանը ՔՊ-ականներին ասել է՝ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու և ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում
- Արմեն Գրիգորյան. Հայաստանը Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու դիրքորոշման մասին
- Քաղաքագետ. Եթե Ռուսաստանն անի այդ քայլերը, ապա Հայաստանում շատ կարճ ժամանակում իշխանափոխություն տեղի կունենա
- Ինձ ավելի շատ անհանգստացնում է ադրբեջանցիների առկայությունը Ջերմուկում, Սյունիքում, քան ռուսներինը՝ «Զվարթնոց»-ում. Մամիջանյան
- Վահե Հովհաննիսյան. Հայաստանի սահմանները՝ նոր հնարավոր հարվածների տակ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան