«Գիտուժ»-ը բարձրաձայնում է վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի բացթողումների մասին
Մարտի 4-ին տեղի է ունեցել վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը։
Այս կապակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Նախաձեռնությունն իր գործունեության ընթացքում բազմիցս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա դիմակայել իր առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին միայն մրցունակ և ճկուն գիտատեխնոլոգիական ու նորարարական ազգային համակարգ զարգացնելով։ Նման համակարգի անխափան և նպատակաուղղված գործունեությունն է պետություններին հնարավորություն տալիս հասնել անվտանգության, տնտեսության ու հասարակության շարունակական զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների և գործընթացների ապահովմանը։
Միևնույն ժամանակ տարբեր ձևաչափերով և հարթակներում բազմիցս անդրադարձել ենք այս համակարգի կայացմանը և զարգացմանը խոչընդոտող խնդիրներին. նպատակի հստակ սահմանման, համակարգի կայացմանը և զարգացմանը նպաստող համապարփակ ռազմավարության և դրանից բխող կառավարության ու իր պրոֆիլային նախարարությունների միջև փոխկապակցված քաղաքականության բացակայությանը և այլն։
Այս համատեքստում կարևոր ենք համարում, որ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծման հիմքում ընկած է վերոնշյալ խնդիրների լուծմանը նպաստելը։ Ուրախ ենք արձանագրել, որ խորհրդի մեջ ներգրավված են պետական, գիտական և տեխնոլոգիական հատվածի ներկայացուցիչները։ Նաև կարևոր ենք համարում, որ ՀՀ վարչապետը խորհրդի նիստի ընթացքում հատուկ ընդգծել է. «Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը»:
Միևնույն ժամանակ, նոր ձևավորված խորհրդի արդյունավետությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության թիրախային խնդիրների լուծմանը միտված գործունեությունն ապահովելու համար, անհրաժեշտ ենք համարում նաև բարձրաձայնել հետևյալ խնդիրների մասին.
1. Հայաստանում կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերը մնում է տեղային և, միջազգային չափանիշներով, շատ փոքր ծավալի։ Ավելին, եղած փոքր պատվերն էլ շարունակաբար թերակատարվում է։ Այս տարվա պատվերի բյուջեն կազմում է ՀՀ ՀՆԱ-ի մոտ 0.04%-ը։ Ստացվում է, որ Հայաստանում հիմնարար հետազոտությունների բյուջեն մոտավորապես 8 անգամ ավելի շատ է, քան կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքներինը։
Վերոնշյալ խնդիրը կարելի է լուծել ստեղծելով կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների պատվիրատու մարմին, որը պետք է լինի նախարարություններից դուրս, վարչապետի կամ փոխվարչապետի անմիջական ենթակայության տակ։
2. Լուրջ բացթողում ենք համարում նման խորհրդի օրակարգում հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման հարցի բացակայությունը: Այն իր առաջնահերթությամբ, հրատապությամբ և լուծման բարդությամբ չի զիջում ԳՏՃՄ/STEM ուղղություններին։
Այս տեսանկյունից ակնհայտ է, որ պետք է կամ խորհրդի օրակարգում ներառել հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում ՀՀ մարտահրավերներից բխող ՀևՄ(R&D) աշխատանքների զարգացումը կամ ձևավորել այս օրակարգով աշխատող առանձին հարթակ:
3. Խորհրդի աշխատակարգում հստակ չի ամրագրված, որ խորհրդի օրակարգում առաջադրվելու են այնպիսի ծրագրեր, որոնց գլխավոր նպատակը լինելու է պետության առջև ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ուղղված կարողությունների զարգացումը։
Այս բացթողումը պետք է լրացնել և հստակ ամրագրել, որ խորհուրդն աշխատելու է Հայաստանի անմիջական կարիքներից և նպատակներից բխող գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։
«Գիտուժ» նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ամենայն ուշադրությամբ և անաչառությամբ մշտադիտարկելու է խորհրդի աշխատանքները և պատրաստ է աջակցել իր օրակարգի, առաքելության և արժեքների շրջանակում գտնվող գործընթացներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան