ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը․ Միրզոյան
«Շատ լավ, պետք է գնահատել հարցի վերաբերելիությունը Հայաստան-Կիպրոս հարաբերություններին, բայց քանի որ մենք շատ հաճախ առիթներ չենք ունենում շփվելու, բնականաբար, ես կպատասխանեմ Ձեր հարցին։ Այո, ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին»,- այս մասին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ««Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները պետք է ծառայություն իրականացնեն, խոսքը միայն ֆիզիկակա՞ն ներկայության մասին է, թե՞ օրինակ մեկնող-ժամանողների բազային ևս ռուսական կողմը չպիտի ունենա հասանելիություն: Եվ խոսքը «Զվարթնոցու՞մ» ծառայության մասին, թե՞ մյուս կետերում ևս Հայաստանը հրաժարվում է ռուս սահմանապահների ծառայությունից, այդ թվում՝ օրինակ հայ-թուրքական սահմանին» հարցին։
«Ես ուզում եմ ընդգծել, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ օրինակ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա: Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն՝ իր պատկան մարմինների միջոցով։ Եվ ահա, հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և այս մասին ծանուցել ենք ռուսական կողմին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի: Դուք հարցրեցիք մասնակցության չափի մասին, ես որքան գիտեմ ամեն-ինչ տեղում է արված և իհարկե հարցը հասկանալիորեն տեխնիկական կողմեր ունի, բայց, այո՛, խոսքը ամբողջ փաթեթի, եթե կարող ենք այդպես անվանել, լիազորությունների ամբողջական կատարման մասին է։ Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով»,- նշել է Միրզոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին