«Աբովյան» ՔԿՀ-ում հղի կինը դժվարությամբ է օգտվել սանհանգույցից, նոր ծննդաբերած կինը ձեռքով է լվացք արել. իրավապաշտպան
«Աբովյան» քերակատարողական հիմնարկում կալանավորների և դատապարտյալների թիվը կազմում է 74 անձ, նրանցից 5-ն արական սեռի ներկայացուցիչներ են՝ 3-ը չափահասներ են, 2-ն անչափահաս։ «Մեդիա կենտրոնում» «Անազատության մեջ գտնվող կանանց վերարտադրողական առողջությունը. խնդիրներ, մտահոգություններ» թեմայով քննարկմանն ասաց «Աբովյան քրեակատարողական հիմնարկի բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը։
Նա նշեց, որ քանի որ ՔԿՀ-ում մեծ մասը կանայք են, նրանց առողջական վիճակը գտնվում է ուշադրության կենտրոնում, յուրաքանչյուր բարձրացված խնդրի անմիջապես արձագանքում են։
«Մուտք գործելով կալանավայր՝ կանայք ենթարկվում են մանրակրկիտ մարմնական զննման, սկրինինգային հետազոտության։ Մեր կոնտինգենը հաշվառված է նաև «Աբովյան» բժշկական կենտրոնում, ծննդատանը, ավելի մանրամասն հետազոտությունները անհրաժեշտության դեպքում կատարվում են այնտեղ»,- ասաց Ա. Գրիգորյանը։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանն ասաց, որ վերջին տարիներին «Աբովյան» ՔԿՀ-ում վերականգնման աշխատանքներ արվել են, բայց դեռևս բարելավման կարիք կա։
«Կանայք որոշակի դժգոհություն ունեն հիմնարկի խոնավությունից։ Դա կարող է ազդեցություն թողնել առողջության վրա։
Որոշ դժգոհություններ կան կանոնավոր տաք ջրի հասանելիության հետ կապված։ Այս հարցի կարգավորումը խիստ անհրաժեշտություն է։ Իհարկե, հիմա շաբաթական երկու անգամ է թույլատրվում լոգանք ընդունել, նախկին մեկ անգամվա փոխարեն։
Կանանցից մեկը, ով ազատազրկման ընթացքում կեսարյան հատմամբ է երեխա ունեցել, նշել է, որ լվացքը ձեռքով անելու հետևանքով որոշակի բարդություններ էր առաջացել իր մոտ՝ բորբոքումներ, տարատեսակ խնդիրներ։
Կանանցից մեկն ասել է, որ հղիության ընթացքում դժվարությամբ է օգտվել սանհանգույցից, քանի որ հարմար չէր»,- ասաց նա։