Գագիկ Ծառուկյան. Հայ կանայք այսօր շատ մեծ ու կարևոր առաքելություն ունեն իրականացնելու
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել ու կից գրել.
«Կանանց միջազգային օրվա խորհրդով կազմակերպված հանդիպմանը ներկա էին հերոսածին մայրեր, վաստակավոր արտիստներ, աշխարհի չեմպիոններ՝ կանայք, ովքեր անկախ մասնագիտությունից, անկախ ոլորտից, գալիք սերունդներին հայրենասիրության և հայրենանվիրման օրինակ են հանդիսանում։
Կրկին շնորհավորում եմ մեր չքնաղ կանանց, ովքեր, նորից եմ ասում, կարող են համերաշխության մթնոլորտի առաջամարտիկները դառնալ մեր երկրում։ Ի վերջո, միայն ներազգային համերաշխությամբ է հնարավոր կերտել ուժեղ Հայրենիք, և հանդիպմանը բոլորը ներկա էին հե՛նց այս գաղափարի նվիրումով»։
Ավելի վաղ նա գրել էր.
«Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում կանացի հարատև երջանկություն ու ընտանեկան ներդաշնակություն:
Առաջին հերթին ես ուզում եմ իմ շնորհավորանքի ու երախտիքի խոսքն ուղղել բոլոր հերոսածին մայրերին, որոնց որդիներն իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի: Մենք հավերժ պարտք ենք ձեզ և ամեն ինչ պետք է անենք, որ ձեր զավակների սխրանքը մշտապես հիշվի: Փա՛ռք ու պատի՛վ մեր բոլոր հերոսներին...
Հայ կանայք այսօր շատ մեծ ու կարևոր առաքելություն ունեն իրականացնելու: Այսօրվա իրականության մեջ հենց հայ կանայք պետք է նպաստեն ներհանրային հաշտության, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործին: Միայն հայ կնոջը բնորոշ հմայքով, ներողամտությամբ, իմաստությամբ դուք կարող եք վերջ տալ համատարած ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտին, սեր ու հարգանք սերմանել ձեր ընտանիքներում ու ձեր շրջապատում՝ դրանով իսկ նպաստելով ներազգային համերաշխության կայացմանը: Այսօր դա ամենից շատ է պետք մեր երկրին:
Սիրելի՛ հայ կանայք, թող ձեր օջախներում մշտապես թևածեն սերն ու ներդաշնակությունը, մշտապես լսվեն նոր ծնվող մանկան ճիչեր ու թող խաղաղ երկնքի տակ անցնեն գալիքի բոլոր օրերը:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա