Առաջին փուլով պատրաստվում են Ադրբեջանին տալ 4 գյուղ, հետո՝ մյուս գյուղերը՝ Տավուշից ու Տիգրանաշենը․ Դանիելյան
Հայկական կողմը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի պահանջները և փուլ առ փուլ տալ հայկական տարածքները։ Այս մասին «Հայելի» ակումբում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ առաջին փուլով պատրաստվում են տալ 4 գյուղ, հետո՝ մյուսները, 7 գյուղ Տավուշից և Տիգրանաշենը, ինչի հետևանքով Լոռին դառնալու է սահմանամերձ մարզ։ Նա նաև կանխատեսեց, թե ռազմավարական տեսանկյունից ինչ վտանգների է բախվելու Հայաստանը, եթե Տավուշից տարածքներ զիջեն Ադրբեջանին։ Մասնավորապես, Հայաստանից Վրաստան գնացող միջպետական ճանապարհը հինգ կետով հատում ունի այդ տարածքների հետ՝ Ոսեպարի և Կիրանցի հատվածներում։
«2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ հարձակում չի իրականացրել, որովհետև տարիներ շարունակ այդտեղ ամրաշինական աշխատանքներ են տարվել , այսինքն՝ այդ ամբողջ պաշտպանական գիծը հայտնվելու է մեր թիկունքում, Հայաստանի հյուսիսային պաշտպանական գիծը կազմաքանդվելու է ամբողջապես»,- նշեց նա՝ հավելելով, որ հաջորդը Հայաստան մտնող գազամուղն է, որը նույնպես անցնում է այդ տարածքով․ Ռուսաստանից եկող գազամուղը այս սրիկաների դավաճանական քայլի արդյունքում կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Լոռիի մարզը դառնում է սահմանամերձ մարզ. նույն ծրագիրն է, որն իրականցվում էր Արցախում՝ մաս-մաս կտրել, շրջափակել, որի հետևանքով Հայաստանը վերածվելու է յուրահատուկ անկլավի»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին