Բարձրացել է Պարեկային ծառայություն կանանց դիմելիությունը
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելություն-մրցույթի ստուգումները շարունակվում են։ Մարտի 5-ից ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկների հարցազրույցի փուլը, որին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման փուլերը հաղթահարած դիմորդները։
Ոստիկանությունից հայտնում են՝ կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով 368 մրցույթային տեղերի գերակշիռ մասը հատկացվել է կին դիմորդներին։
ՆԳ նախարարության նախաձեռնությամբ լավարկվել են ոստիկանությունում ծառայության ընդունվելիս դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։ Վերանայման արդյունքում լուծվել են գործնականում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում բարձրացել է կին դիմորդների դիմելիությունը։
Ընթացիկ ստուգման փուլին կանանց ներկայացվածությունը ցույց է տալիս, որ թեկնածուների հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերի նվազեցման արդյունքում նրանցից շատերը կին պարեկների շարքերը համալրելու հնարավորություն են ստացել։