Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման. Գարեգին Երկրորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային տոնի առիթով.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։
Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այսօր, երբ ընդլայնվել են կանանց գործունեության ոլորտները, արդարև, մեծ է մեր մայրերի ու քույրերի ավանդը ազգային և եկեղեցական կյանքում։
Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային-հոգևոր արժեքների զորացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության ամրապնդման և մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման։
Մեծազնիվ տիկնայք և օրիորդներ, Իջման Սուրբ Սեղանի առջև հանապազ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված Իր օրհնության ներքո պահպանի ձեզ հույսով ու հավատով առլեցուն, հաստատուն՝ բարի գործերի ու առաքինությունների մեջ և քաջառողջ ու երջանիկ՝ ձեր ընտանիքների ու սիրելիների հետ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները և ողորմությունը թող միշտ լինեն ձեզ հետ. ամեն։
Օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան