Իսրայելում ձերբակալել են հայ ակտիվիստ Բեդիգ Գիրագոսյանին, նրան արգելել են մոտենալ «Կովերի պարտեզ»-ին
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է հայ ակտիվիստ Բեդիգ Գիրագոսյանին, որից հետո նրան արգելել են մեկ ամսով գտնվել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածքում։ Այս մասին «X»-ի իր միկրոբոլգում հայտնել է թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը․
Դատավարությունից հետո Բեդիգը ազատ է արձակվել մարտի 7- ին, նրան արգելել են 30 օրվա ընթացքում մոտենալ «Կովերի պարտեզ»-ին։
Բալյանը չի հստակեցրել Գիրագոսյանի ձերբակալության պատճառը, որին ուղարկել են Երուսաղեմի բանտ: Նրա խոսքով՝ ակտիվիստը ավելի քան 120 օր, օրը 24 ժամ, շաբաթը 7 օր մասնակցել է թաղամասի այն հատվածի պաշտպանությանը, որին հավակնում է իսրայելական Xana Capital ընկերությունը:
Իսրայելական ոստիկանությունը Գիրագոսյանին ձերբակալել է նաև 2023 թվականի դեկտեմբերի 28-ին այն բանից հետո, երբ շուրջ 30 դիմակավորված սադրիչներ հարձակվել են հայերի վրա «Կովերի պարտեզ»-ի տարածքում։ Գիրագոսյանին և նրա հետ կալանավորված Փոլ Ջերնազյանին ազատ են արձակել 2023 թվականի դեկտեմբերի 30-ին։