Սերտեֆիկատով արցախցիներին 3-ի փոխարեն 5 մլն էլ տան, 7 էլ տան խնդիրը չի լուծվելու. Կարապետ Հովհաննիսյան
Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման կառավարության ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր արցախցու համար նախատեսվել է 3 մլն դրամ։ Արցախի 32 հասարակական կազմակերպություններ օրերս հայտարարություն տարածեցին, որում իրենց անհամաձայնությունը հայտնեցին նախատեսվող աջակցության չափի վերաբերյալ՝ առաջարկելով 5 մլն դրամի տարբերակը։
Խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Հաուս Կեյ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Կարապետ Հովհաննիսյանի հետ։
«Տեսեք, մենք ապրում ենք աննախադեպ կիսագրագետ և անգրագետ պատեհապաշտների ժամանկներում, ու վերջին շրջանում մի տեսակ սովորել ենք , որ ամեն ինչ արվում ձևի համար, ու նորից դուրս է մնում խնդրի էությունը, բովանդակությունը։
Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ովքեր են մեր ընկալման մեջ Արցախցիները։ Արցախցիները մեզանից մեկն են։ Ցավոք, խնդրի լուծմամբ զբաղվողները պետք է ունենան այս ընկալումը, ու երբ հարցին մոտենան այդպես, խնդրի լուծումներն էլ շատ հեշտ կգտնվեն։ Ես ընդհանրապես դեմ եմ սերտեֆիկատի գաղափարին, դա որևէ մեկի հոր ժառանգությունը չէ, մեր բոլորիս միջոցների հաշվին է լուծվում խնդիրը, և պետք է նպատակային ծախսվեն, լուծելով մարդկանց արժանապատիվ բնակության խնդիրը։ Իսկ երբ նպատակը շրջանառության մեջ գումար մտցնելն է ու մեկ շաբաթ կամ մի քանի ամիս տնտեսությունը կեղծ աշխուժացնելը, ապա այն անպայման լուծվում է սերտեֆիկատների միջոցով։ Ինչ են անելու սերտեֆիկատները՝ մարդիկ անկախ գումարի մեծությունից գնալու են շուկա, ստեղծեն պահանջարկ, բերեն գների աճի, ու չստանալով ցանկալի արդյունք, մնան դժգոհ։
Դեռ կա հարցի մյուս կողմը, որ որոշված գումարի չափով՝ 3 մլն ով պետք է գնան սահմանամերձ գոտիներում գույք գնեն ու նպաստեն մեր սահմանամերձում ապրող մարդկանց արտագաղթին։ Կամ պետք է այդ գումարները տանեն կառուցապատողներին, մնացած մասն էլ բանկերում վարկերի տակ մտեն ինչ-որ բան ունենալու համար։ Իհարկե հնարավոր է, որ 3 մլն ասեն, արցախցիների դժգոհության աստիճանը ստուգեն, ապա փոխեն 5 մլն՝ մեծահոգություն ցուցադրելու համար։ Այն վերջին ժամանակներին իշխանությունների բնորոշ աշխատելաոճ է։ Արցախցիներից շատերը, կարծում եմ, այդ գումարի պատճառով կհրաժարվեն քաղաքցիություն վերցնելուց, կնախընտրեն փախստականի կարգավիճակում տեղափոխվեն ՌԴ կամ Եվրոպա։
Ի՞նչ ենք առաջարկում մենք։ Առաջարկում ենք նույն սոցիալական բնակարանաշինության մոդելով պետական նպատակային կառուցապատում, թեկուզ ոչ Երևանում՝ ասենք Երևանին շատ մոտ Եղվարդում, որը, իմիջայլոց, Երևանի և երկու երևանամերձ մարզերի կապող խաչմերուկն է, և զարգանալու մեծ պոտենցիալ ունի, կամ թեկուզ Երևանում, դեռ չմասնավորեցված հողերի վրա (Աջափնյակ համայքնում շատ են նման տարածքները) պատվիրում է կամ կազմակերպում հարկերից ազատված շինարարություն և այդ շինարարության համար՝ հարկերից ազատված շինանյութ։ Ընդ որոմ, շինաշխատանքներում էլ կարելի է ներգրավել արցախցի շինարարներին ու շին կազմակերպություններին, առավել որակյալ կառուցապատում ստանալու համար, քանի որ իրենց համար նախատեսված տներն ավելի որակով կկառուցեն։
Կառուցում ենք բնակարան, վերանորոգում, կահավորում և տալիս սեփականության իրավունքով ապրելու, բայց, որ 20 տարի օտարման իրավունք չունենամ, և ՀՀ քաղաքցիությունից երբևէ հրաժարվելուց զրկվեն սեփականության իրավունքից ։ Իրենց մտածած 3 միլիոնով հնարավոր կլինի այս ձևով տալ բնակարան, իսկ եթե թիվը մի փոքր բարձրացվի, հնարավոր կլինի տալ վերանորոգված և կահավորված բնկարան։ Պարզապես հարցերի հարցը մնում է, թե ինչ խնդիր է լուծվում ։
Իսկ սերտեֆիկատով 3-ի փոխարեն 5 մլն էլ տան, 7 էլ տան խնդիրը չի լուծվելու, շուկան ըստ դրա առաջ է ընկնելու, թանկանալու է, և տեղացի անտունների համար նորից դառնա պատուհաս։ Անշարժ գույքի շուկան հազիվ դանդաղ քայլերով գնում է կարգավորման, որ հազարավոր մարդիկ վարձի ճիրաններից ազատվեն, տուն ունենան, ու հիմա էլ սա։ Իհարկե, իշխանություններն անընդհատ և ամեն քայլ անում են, որ տների գների նվազում թույլ չտան։ Չգիտեմ՝ մտածված, թե ոչ»,-ասաց Կարապետ Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մամուլից տեղեկացել ենք, որ մոտ 30 հազար արցախցի լքել է Հայաստանը. Արմեն Ասրյան
- Ինչ փոփոխություններն են իրականացվել Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան