«Ժողովուրդ». «ՀայՓոստ»-ը պարտաճանաչ վճարում է ՔՊ-ականների և նրանց կանանց աստղաբաշխական աշխատավարձերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սկսել է չարաշահել խնամի-ծանոթ-բարեկամ թեորեմը և սեփական բարեկամներին աշխատանքի տեղավորելուց հետո անցել է հեղափոխության ընթացքում ակտիվություն ցուցաբերած «հպարտ քաղաքացիներին»։ Եթե Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի վիրակապին չհետևեր, ապա դեռ կշարունակեր առ այսօր աշխատել Vivaro բուքմեյքերական գրասենյակում։ Վերջինս կրկնում է դասական ՔՊ-ականների գերակշիռ մեծամասնության հետհեղափոխական կյանքի ուղին, ինչպես Հայկ Կոնջորյանի կնոջ դեպքում է։
Կոնջորյանը կնոջը տեղավորել էր «ՀայՓոստ»-ում, ապա աստիճանաբար սկսել էր նրա հաստիքը բարձրանալ, դրան զուգահեռ, կրկնապատկվում էր կնոջ տարեկան ֆինանսական եկամուտը։ Սերոբյանի դեպքում կարիերայի աճը գրանցվել է այլ կերպ։ Նա նախ Արաբկիրի թաղապետարանում տեղավորեց կնոջը, ապա ինքը սկսեց «շրջագայել» պետական աշխատավայրերում` Աջափնյակի թաղապետարան, «ՉՀԳ» ՓԲԸ, Շրջակա միջավայրի նախարարություն, կրկին Աջափնյակի թաղապետարան, այժմ էլ՝ «ՀայՓոստ» ՓԲԸ, որը թեև ամեն ամիս որպես անպարտաճանաչ հարկատու ՊԵԿ-ի կողմից տուգանվում է ՀԴՄ խախտման համար, սակայն պարտաճանաչ վճարում է ՔՊ-ականների և նրանց կանանց աստղաբաշխական աշխատավարձերը։ Հավելենք նաև, որ սա այն նույն փոխթաղապետն է, որը 2022 թվականի ապրիլի 30-ին Երևանի Նալբանդյան փողոցում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներին անվանել էր «փնթիներ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։