Հայաստանում կանայք ավելի հակված են ամուսնալուծված մնալ
Հայաստանում կանայք ավելի հակված են ամուսնալուծված մնալ, քան տղամարդիկ, ինչը վկայում է այն մասին, որ ամուսնալուծությունից հետո նորից ամուսնանալու միտումը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է: Նման պնդում կա Հայաստանի վիճակագրական կոմիտեի «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2023» հրապարակման մեջ։
Նշվում է, որ առաջին ամուսնության միջին տարիքը նվազել է թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց շրջանում: 2022թ.-ին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 27.9, իսկ տղա-մարդկանցը՝ 31.4 տարի: Այն զգալիորեն ավել է, քան 2002թ.-ին, երբ կանանց առաջին ամուսնության միջին տարիքը 23.2 տարի էր, իսկ տղամարդկանցը՝ 27.1, իսկ 2012թ.-ին համապատասխանաբար՝ 25.3 և 28.8 տարի:
Պտղաբերությունը կամ մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների միջին թվաքանակը, սկսած 1991թ.-ից սրընթաց նվազել է, հատկապես գյուղական բնակավայրերում: 1991թ.-ին գյուղական բնակավայրերում կինն իր ծնունակ տարիների ընթացքում ունենում էր միջին հաշվով 3.2 երեխա, քաղաքային վայրերի՝ 2.3 երեխայի համեմատ: Ծնելիության շարունակական նվազմանը զուգընթաց, 2014թ.-ից գրեթե վերացել էր գյուղական ու քաղաքային ցուցանիշների տարբերությունը, իսկ հաջորդող տարիներին՝ մինչև 2020թ., գյուղական բնակչության ծնելիության գումարային գործակիցն անգամ զիջում էր քաղաքային ցուցանիշին:
Սակայն 2021-2022թթ.-ին արձանագրվել է գյուղական բնակչության ծնելիության գումարային գործակցի որոշակի բարելավում, կազմելով համապատասխանաբար՝ 1.711 և 2.118 միավոր, քաղաքային վայրերի՝ 1.700 և 1.489 միավորի համեմատ:
Կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքը թե՛ առաջին երեխայի ծննդյան, և թե՛ ընդհանուր ծննդյան ժամանակ:
Երևույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներն իրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաև առկա են դեպքեր՝ 2-րդ և այլ ամուսնությունների, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում:
Տղամարդկանց և կանանց ամուսնական կարգավիճակներում առկա տարբերությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ կանայք հակված են ավելի վաղ տարիքում ամուսնանալ, քան տղամարդիկ:
Մեծահասակ տարիքում ավելի մեծ է կանանց այրի մնալու հավանականությունը, որն էլ հիմնա-կանում պայմանավորված է տղամարդկանց կյանքի համեմատաբար ավելի կարճ տևողության և կանանց ավելի երիտասարդ տարիքում ամուսնանալու հանգամանքով:
Հիշեցնենք, որ 2022թ. աճել է կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից: Այսպես, 2022թ. ծնված աղջիկ երեխաների կյանքի սպասվող տևողությունը կազմել է 78.3 տարի, 2021թ.՝ 77.4, 1991/92թ.-ի՝ 75.1 տարի, 2001/02թ.-ի՝ 75.9 տարվա համեմատ:
Տղամարդկանց կյանքի սպասվող տևողությունը 2022թ.-ին կազմել է 71.4 տարի, 2021թ.՝ 67.4 (աճել է 4.0 տարով), 1991/92թ.-ի՝ 68.3 տարի, 2001/02թ.-ի՝ 70.0 տարվա համեմատ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան