Երբ ժպտում են որդեկորույս մայրերն,ապա կարող ենք ասել՝ ժպիտը մեր կանանց դեմքից չի պակասել․ Հոգեբան
«Կնոջը ժպտալու համար անհրաժեշտ է հոգեկան ներդաշնակություն, ապահովություն՝ երեխաների, ընտանիքի հոգսերը հոգալու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Աննա Բադալյանը, որը պատերազմից հետո սկսել է աշխատել նաև որդեկորույս մայրերի հետ։
«Երբ ժպտում են որդեկորույս մայրերն, ապա կարող ենք ասել, որ ժպիտը մեր կանանց դեպքից չի պակասել։ Մարդուն բնորոշ է տրամադրության և՛ անկումը, և վերելքը, սակայն համընդհանուր ասել, որ ժպիտը հայ կնոջ դեմքից վերացել է, այդպես չէ»,- հավելեց հոգեբանը։
Բադալյանը ընդգծեց՝ պատերազմից հետո հայ կնոջ մոտ մտածելակերպի փոփոխություն, անշուշտ, նկատվում է։ Ըստ նրա՝ սկսել են իրավիճակին ավելի զգոն գնահատական տալ․
«Արժեհամակարգն է փոխվել,նույնիսկ հուզականությունն է բարձրացել։ Վերջերս մի կայացած կնոջ հետ էի զրուցում։ Նա չուներ պատերազմում կորցրած հարազատ մարդ, բայց ասում էր․ «Երբ մի ուրախություն է լինում և երկու երիտասարդ սկսում են ուս ուսի պարել, ես չեմ կարողանում արցունքներս զսպել, մեղքի զգացողություն ունեմ և չեմ կարողանում արցունքներս զսպել»։ Մտածողությունն իրակե փոխվել է, շատերն ասում են՝ անտարբերությունն է իշխում, բայց ես կասեմ՝ ապրումակցումն ու մարդկային փոխհարաբերությունները գնահատելն է ավելի շատ է»,- ասաց Բադալյանը։
Հոգեբանը կիսվեն նաև որդեկորույս մայրերի հետ, որոնք ցանկանում էին մայրանալ, տպավորիչ դրվագներով․ « Նրանք իրենց մեջ ուժ ու կամք են գտնում՝ շարունակություն ունենալու ոչ միայն ընտանիքում նոր ճիչ լսելու, այլևս հայրենիքին շարունակություն տալու համար։ Եվ այս ամենն անում են գիտակցված։ Իմ 35 տարվա հոգեբանական աշխատանքի ընթացքում որդեկորույս մայրերի հետ աշխատանքն առանձնանում է։ Տպավորիչ է, երբ նրանք մտածում են իրենց երեխային լավագույնը փոխանցելու մասին։ Քանի որ տարիքային ճեղքը բավականին մեծ է լինում՝ մոր և երեխայի, նրանք որոշում են նոր մասնագիտություններ սովորել՝ ոչ միայն երեխայի բարեկեցությունն ապահովելու, այլև ժամանակակից մտածողություն ձեռք բերելու համար, ինչը շատ պետք է գալու փոքրիկին մեծացնելու գործում։ Հայրենի հողին նոր ծիլեր տալն ինքնանպատակ չէ և հենց սա է կարևորը։ Արգանդն ունի հիշողություն, և շատ կարևոր է , որ կինը վշտի հիշողությունը չփոխանցի երեխային և երեխան չդարձնի այն իրենը» ։
Հայրենի հողը դեռ շնչում է ու պետք է նոր ծիլեր տա․․․
Իսկ թե ինչու է կարևոր կնոջ համար տոն նշելը, Աննա Բադալյանն ասաց․ «Տոն նշելը նախևառաջ տրամադրություն է, նաև՝ մոտիվացիա։ Բարձրանում է մարդու ներքին ինքնագնահատականը, սոցիալականացումը։ Տոն նշելու անհրաժեշտությունը կա, մերթ ընդ մերթ պետք է տոներ նշել՝ լինի ազգային կամ այլ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա