Անտարկտիդայի ծովի սառույցի ծավալը փետրվարին հասել է տարեկան նվազագույնի
2024 թվականի փետրվարը գրանցված ամենատաք փետրվարն էր՝ սկսած 1940 թվականից: Այս մասին հայտնում է Եվրոպական կլիմայական ծառայության պաշտոնական կայքը։
Անցյալ ամիս մակերևութային օդի գլոբալ միջին ջերմաստիճանը հասել է 13,54 °C-ի։ Սա 0,81°C-ով բարձր է 1991-2020 թվականների փետրվարի միջինից և 0,12°C-ով բարձր 2016 թվականի փետրվարի նախորդ ռեկորդից: Ոչ բևեռային շրջաններում ծովի մակերևույթի ջերմաստիճանը հասել է բացարձակ ռեկորդային բարձրության՝ 21,09 °C:
Կլիմայագետները նշել են, որ 2024 թվականի փետրվարը իններորդ ամենատաք ամիսն էր անընդմեջ:
C3S տվյալներով, Եվրոպայում փետրվարի ջերմաստիճանը միջինից շատ բարձր է եղել մայրցամաքի մեծ մասում, ընդ որում՝ ամենամեծ ջերմային անոմալիաները նկատվել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Սակայն Հյուսիսային Եվրոպայի երկրներում և Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում ջերմաստիճանը միջինից ցածր էր:
Գազետա.ռու-ն գրում է, որ Անտարկտիդայի ծովի սառույցի ծավալը փետրվարին հասել է տարեկան նվազագույնի` ամսական միջինը 2,4 միլիոն քառակուսի կիլոմետր, ինչը 28%-ով ցածր է 1991-ից մինչև 2020 թվականների փետրվարի միջինից: