Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը ադրբեջանական լոբբիի ճնշմամբ չի կայացել
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, Տիգրանակերտում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար, monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը գրում է.
«Ցավով եմ գրում, որ ներկա աշխարհաքաղաքական անկայունությունը ազդում է նաև ակադեմիական ազատության ու բարեվարքության վրա: Վերջին անընդունելի օրինակը «Das kulturelle Erbe von Arzach» (Արցախի մշակութային ժառանգությունը) գրքի հրապարակային շնորհանդեսի չեղարկումն էր Բեռլինում:
Սփոփանքս է, որ այդ կարևոր ակադեմիական ժողովածույում անգլերենով լույս է տեսել և իմ “Early Christian Achaeology and Monuments in the Armenian-Azerbaijani Conflict Zone: Tigranakert, Amaras, Vachar” (Վաղքրիստոնեական հնագիտությունն ու հուշարձանները հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտում. Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ) հոդվածը»։
Հայաստանի հանրային ռադիոն գրում է. «Բեռլինում նախատեսված «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուի շնորհանդեսը չի կայացել։ Այն չեղարկվել է ադրբեջանական լոբբիի ճնշմամբ և անվտանգության նկատառումներից ելնելով անցկացվել առցանց տարբերակով։ Գիրքը հրատարակվել է Գերմանիայի Քիլի համալսարանում։ Այն ամփոփում է համանուն միջազգային գիտաժողովի արդյունքները և ներկայացնում գիտական հոդվածներ Արցախի պատմության ու մշակույթի մասին։ Գրքի շնորհանդեսը կազմակերպել էին Արտաքին քաղաքականության գերմանական միությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը:
Իրավիճակը մանրամասնում է գրքի խմբագիր, դոցենտ Հարություն Հարությունյանն ասել է. «Մեզ ներքին կարգով ասացին, որ անվտանգության ամենաբարձր աստիճանն է հայտարավել, Բեռլինի ոտիկանությունը տեղյակ է, ու մեզ պետք է պաշտպանեն նաև անվտանգության աշխատակիցները, բայց կազմակերպիչները չկարողացան անվտանգություն ապահովել։
Ամենաշատը Ադրբեջանի դեսպանը դեր խաղաց, որովհետև գրել էր կազմակերպիչ Շտեֆան Մայսթերին, հետո զանգել, ասում էր՝ ես արգելում եմ Ձեզ օգտագործել «Արցախի մշակույթ» տերմինը։ Սա, անշուշտ, անընդունելի էր, բայց հետո, երբ ճնշումը մեծացավ, կոմպրոմիսի առաջարկ ստացանք․ Ադրբեջանի դեսպանը պարտադրում էր, որ Բաքվից մի էքսպերտ գա։ Ասում է՝ եթե չեք չեղարկում միջոցառումը, ուրեմն Բաքվից էլ պետք է մեկը Ձեզ միանա և խոսի։ Մենք կատեգորիկ մերժեցինք, որովհետև գիտեինք, որ պրոպագանդիստ մարդը պետք է գա ու իրեն հակագիտական ու հակապատմական արտահայտություններ թույլ տա։ Քանի որ վերջին կոմպրոմիսը չեղավ, արդեն մարտի 4-ից կազմակերպիչները սկսեցին սպառնալիքներ ստանալ, թե իրենց անձի, թե իրենց աշխատակիցների վերաբելյալ։ Գերմանացիները ստիպված նահանջեցին ու չկարողացան առաջ տանել իրենց ծրագիրը։ Մեզ ասացին, որ միայն առցանց կարող ենք անել»։