ՀՀ-ում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Միրզոյան
«Տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանն, անցնում է լուրջ վերափոխումների միջով։ Դա մեզ մոտ նաև ներքին գործընթաց է»,- ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին. «Մենք ապացուցել ենք այս ընտրությունը մի քանի անգամ ընտրությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու միջոցով։ Եվ այս ճանապարհին մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն մեծապես աջակցում են մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին։ Եվ ընդհանուր առմամբ, կարևոր է հնարավորինս դիվերսիֆիկացնել, ընդլայնել գործընկերների, դաշնակիցների շրջանակը։ Այսպիսով, սա այն ճանապարհն է, որով մենք առաջ ենք գնում՝ էականորեն խորացնելով մեր հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ հետ, միաժամանակ պահպանելով ավանդական կապերը կամ, օրինակ՝ նայելով նաև դեպի Արևելք։ Գիտեք՝ մենք կառուցում ենք լիովին նոր որակի հարաբերություններ Հնդկաստանի հետ և այլն։ Կցանկանայի, իհարկե, նաև շեշտադրել մեր առաջնահերթությունը՝ կարգավորել և առաջին հերթին զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Սա է մեր արտաքին քաղաքականության կարճ բնութագիրը։
Հարցին՝ ԵՄ-ն ընդլայնվում է, երբևէ մտածե՞լ եք ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում, կԿամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությու՞նն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս, Միրզոյանը պատասխանել է. «Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել»;
Նա նշել է, որ Հայաստանն ունի Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։
«ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում։
Կցանկանայի նաև հավելել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը։ Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը։ Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները ԵՄ հետ. Միրզոյան
- ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում. Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը