Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը
Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։ Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։
«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:
«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն: Ըստ Ժակլինի՝ «Lada Niva-ն ամենագնաց մեքենա է, որը կարող է բարձրանալ չբացահայտված բարձունքներ, ինչպես և մենք՝ մեր խմբում: Անչափ ուրախ ենք այս հնարավորության համար և պատրաստ ենք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում մեր երաժշտական բազմազանությամբ»:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. ««Լադանիվա»-ն «Եվրատեսիլ» է բերելու իր գունավոր ու վարակիչ էներգիան։ Լինելով երաժշտական և գեղարվեստական էթնիկ խառնուրդ՝ Հայաստանի ներկայացուցիչը մշակութային կամուրջներ է ստեղծելու իր երաժշտությամբ»։
«Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ակնկալում է, որ «Լադանիվա»-ի կատարումը և երգի պատմությունը կոգեշնչեն «Եվրատեսիլի» երկրպագուներին։ «Մենք ուրախ ենք այս տարի ներկայացնելու յուրօրինակ և բազմամշակութային խմբի, որը կստիպի բոլորին ամբողջ սրտով պարել և կարևոր հաղորդագրությունը կտարածի ուրախ ու թեթև տրամադրությամբ։ Ժակլինն ու Լուին երգեր են ստեղծում իրենց կյանքի փորձառություններից, և շատ շուտով մենք ներկայացնելու ենք պատմությունը խիզախ մի աղջկա, որը չի սիրում կարծրատիպերով ապրել»,- նշում է Ծերունյանը։
Հիմնվելով 2019 թվականին՝ «Լադանիվա»-ն միանգամից հայտնի է դարձել հիթային «Վայ աման» երգով՝ երաժշտական աշխարհ բերելով թարմ ոճ ու նորարարական մոտեցումներ: Խումբը 2023 թվականին թողարկել է իր առաջին համանուն «Լադանիվա» ալբոմը «PIAS» ֆրանսիական լեյլբլի ներքո։
«Լադանիվա»-ն ունի մեկ առաքելություն. երաժշտությամբ միավորել մարդկանց և մշակույթները: Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ 2024»-ում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից։
«Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին (առաջին կիսաեզրափակիչ), մայիսի 9-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և մայիսի 11-ին (եզրափակիչ): Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան