«Ժողովուրդ». Ումից է բենզին գնում Էկոպարեկային ծառայությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմինը՝ Էկոպարեկային ծառայությունը, 2024 թվականի առաջին եռամսյակում 4 մլն 329 հազար դրամ արժողությամբ բենզին է գնել։
Ըստ պայմանագրի՝ Էկոպարեկային ծառայությունը մի դեպքում գնել է 7000 լիտր բենզին՝ Ռեգուլյար, 480 դրամով, իսկ մյուս դեպքում՝ 1900 լիտր 510 դրամով։ Գնման և ձեռք բերման պայմանագրերը կնքվել են «Մաքս օիլ» ՍՊԸ-ի հետ։
Հավելենք նաև, որ «Մաքս օիլ»-ը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին: «Մաքս օիլ»-ի տնօրենը Կամո Մելքոնյանն է: Նա նաև «Կամօյլ» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է: Նրա բիզնեսները հեղափոխությունից հետո բավական արտոնյալ կարգավիճակում են: «Մաքս օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին։ Այս ընկերության՝ վառելիքի շուկա մուտք գործելը 2016 թվականի իշխանությունները՝ ի դեմս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այդ ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանի, ներկայացրին որպես բենզինի շուկայի ազատականացում ու մրցակցության մեծացում:
Այժմ վառելիքի շուկայում կան խոշոր ներկրողներ, օրինակ՝ CPS-ը, Flash-ը և Max Oil-ը։ Նշենք, որ Էկոպարեկային ծառայության նոր օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից։ Ծառայության լիազորություններն են պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացումը, պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը, հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացումը և այլն։ Թե ինչքանով են պահպանվում մեր անտառները, խիստ հարց է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանը չի թաքցրել իր հիասթափությունը
- «Փաստ». Ո՞րն էր Փաշինյանի մարտիության «շնորհավորական ուղերձի» շեշտը
- «Ժողովուրդ». Ինչու ազատման դիմում չի գրում դատավոր Ռուբիկ Մխիթարյանը
- «Հրապարակ». Վարդան Օսկանյանը և հանձնախմբի մի շարք անդամներ արտերկրում ակտիվ հանդիպումներ են ունենում
- «Փաստ». ՌԴ-ի հետ Հայաստանի «առևտուրն» անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
- «Ժողովուրդ». «Մայր Հայաստան» խմբակցությունը օրինագծի քվեարկությունը կբոյկոտի
- «Հրապարակ». Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ականների հեռախոսները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան