«Հյուսիս-հարավ» ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարին, նա մահացել է
Այսօր մահվան ելքեվ վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
shamshyan.com-ը գրում է, որ ժամը 09։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 73-ամյա Գեորգի Ա․-ին։
«Վրաերթի ենթարկվածը մոտ 30 մ շպրտվել և հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ դեռևս չշահագործվող բետոնե հատվածում։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը աշխատում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհը կառուցող ընկերությունում և նա միայնակ չի եղել, եղել է ընկերոջ հետ ու եթե ընկերը կարողացել է խուսափել, ապա մահացածը չի հասցրել, իսկ վարորդն էլ նկատել է հետիտոներին, ինչի ապացույցը արգելակման հետքերն է, որը անցնում է մոտ 100 մ։
Քննիչի հանձնարարականով ոստիկանության Թալինի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հրաչյա Քերոբյանի ուղեկցությամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ»,- գրում է կայքը։