«Փաստ». Ո՞րն էր Փաշինյանի մարտիության «շնորհավորական ուղերձի» շեշտը
«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, կարծում է, թե ինքը «մեծ գործ» է անում, ավելին՝ «մեծ շնորհ», երբ առիթ-անառիթ հայտնվում է հեռուստաէկրաններին, լրահոսում և իր «հանճարեղ» մտորումներն ու անզուգական խոհերն է ներկայացնում: Նրան երևի ոչ ոք չի զեկուցում, որ իր պատկերն ու ձայնն արդեն տևական ժամանակ է, ինչ ամենից անցանկալին են հանրության համար: Սա՝ շատ մեղմ ասած: Կամ էլ, որն ավելի հավանական է, նա դրա մասին հրաշալի գիտի, բայց հատուկ է այդպես անում՝ մարդկանց հոգեբանորեն է՛լ ավելի բորբոքելու համար:
Ահավասիկ, երեկ էլ Փաշինյանը որոշել էր շնորհավորել Հայաստանի կանանց, մայրերին, աղջիկներին: Ավելին, մի ամբողջ ուղերձ էր շարադրել Մարտի 8-ի առթիվ: Լավ, քանի դեռ վարչապետի պաշտոնում է, ի պաշտոնե նույնիսկ պարտավոր է շնորհավորել, ուղերձ հղել: Բայց այստեղ արդեն առաջ է գալիս գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն էր Փաշինյանի մարտիության «շնորհավորական ուղերձի» շեշտը:
Ի՞նչ էր ուզում ասել կամ ի՞նչ ասաց: Թվում է՝ անիմաստ հարց է. մաղթանքներից ու շնորհավորանքից բացի, ուրիշ ի՞նչ պիտի ասեր: Բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե նույնիսկ մարտիության ուղերձը չդարձներ սեփական «փիառի» միջոց:
Այո, Մարտի 8-ի առթիվ Փաշինյանի ուղերձի առանցքային շեշտը, դրա «կարմիր թելը» ինքնագովաբանությունն էր: Ասածն այն էր, թե՝ չկա ու չի եղել որևէ իշխանություն, իր գլխավորածից բացի, որ այդպես հոգատար, այդքան ուշադիր, այդքան դրական վերաբերմունք ունենա կանանց նկատմամբ, թե՝ տեսեք-տեսեք, կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում իր գլխավորած կառավարության կազմում (կարելի է կարծել՝ Հայաստանում նախքան այս չեն եղել կին նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ փոխնախագահներ, այլ կին պաշտոնյաներ): Գումարած՝ իր ոճով անհասկանալի «տեղեկանքներ» սկսեց պատմել 500 մանկապարտեզի, ինչ-որ 300 դպրոցի մասին, կանանց հորդորեց ավելի շատ երեխաներ ունենալ, կանանց վրա որպես լավություն փորձեց «ծախել» Ակադեմիական քաղաքի ծրագիրը: Եվ այլն, և այլն: Ու մեկ էլ՝ հոպ, հանկարծ այս ամբողջի մեջ՝ նորից ինքնիշխանության մասին: Թե ինչ կապ ունի, միայն ինքը կիմանա: Չնայած, մնացածն էլ առանձնապես «կապված» չէին: Իսկ վերջում Փաշինյանը նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված կանանց մասին խոսեց, զոհված զինվորների մայրերին հիշատակեց իր խոսքում:
Ասում է. «Պետությունը, միայն ինքնիշխան, զարգացած, ուժեղ և բարեկեցիկ պետությունը կդառնա ամոքումը կորստյան վշտի, և մենք գնում ենք այդ ճանապարհով»: Ամեն անգամ թվում է, թե ոչնչից այլևս անկարելի է զարմանալ կամ զայրանալ այն ամենից հետո, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը մեր երկրի գլխին: Բայց չէ, նա վարպետ է նաև այս հարցում, ու հենց ինքն է անընդհատ ստիպում հիշեցնել, թե ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են հայրենիքի պաշտպանությանը լծված նաև կին զինվորականները զոհվել:
Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են հազարավոր ու հազարավոր զինվորների կորուստը, այդ կորստյան վիշտը, որի «ամոքման» մասին խոսում է Փաշինյանը: Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են սևազգեստ դարձել այդ զինվորների մայրերը, կանայք, քույրերը: Ում մեղքով, ում վարած «քաղաքականության» հետևանքով են տնազուրկ դարձել, բռնի տեղահանվել մեր արցախցի հազարավոր մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ: Թե բա՝ ամոքումը կորստյան վշտի... Լավ, դուք ինքներդ ձեզ հետ միայնակ մնալիս, գլուխը բարձին դնելիս ոչինչ չե՞ք զգում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու ազատման դիմում չի գրում դատավոր Ռուբիկ Մխիթարյանը
- «Հրապարակ». Վարդան Օսկանյանը և հանձնախմբի մի շարք անդամներ արտերկրում ակտիվ հանդիպումներ են ունենում
- «Փաստ». ՌԴ-ի հետ Հայաստանի «առևտուրն» անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
- «Ժողովուրդ». «Մայր Հայաստան» խմբակցությունը օրինագծի քվեարկությունը կբոյկոտի
- «Հրապարակ». Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ականների հեռախոսները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան