Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը միակն է, որտեղ դեռևս պահպանվել է նախապատերազմյան իրավիճակը
«Փոքրիշատե կազմակերպված դիմադրություն ցույց տալու դեպքում Ադրբեջանին երբեք չի հաջողվի անգամ մեկ քառակուսի մետր հող գրավել Տավուշում։ Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը միակն է, որտեղ դեռևս պահպանվել է նախապատերազմյան իրավիճակը»,-նման համոզմունք է հայտնում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա ընդգծում է՝ ավելին, սա այդ սահմանի այն հատվածն է, որը անվտանգային մեծ առավելություն է տվել մեզ ոչ միայն Տավուշում, այլև Արցախում։
«Պատահական չէ, որ ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ ստորաբաժանումները հենց Տավուշում էին տեղակայված։ Արցախում պատերազմ սկսելու պարագայում այստեղից ամեն պահ կարելի էր երկրորդ ճակատ բացել և շեշտակի հարվածով կոտրել թշնամու ողնաշարը։ Այն փաստը, որ 2020-ին Նիկոլի կառավարությունը չի դիմել այդ քայլին, իրենց դավաճան լինելու հերթական ապացույցներից է։
Ու չնայած 44-օրյա պատերազմին կրած մեր ծանր պարտությանն ու դրան հետևած ոչ պակաս ծանր կորուստներին՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածը շարունակում է մնալ թշնամուն զսպելու և ուժերի հավասարակշռությունը վերականգնելու կարևոր գործոն։ Ահա պաշտպանական այդ վերջին ռեսուրսից են այսօր ցանկանում զրկել մեզ Ալիևն ու Նիկոլը։
Ադրբեջանի պահանջն այսպես կոչված անկլավները չեն։ Սա չի կարելի չհասկանալ։ Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածի ներկայիս տեսքը սեփական ուժերով վերականգնվելու և երկիրը փրկելու մեր վերջին հույսն է։ Եթե այստեղ էլ կորցնենք, ապա մեր Հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը միայն ու միայն ուրիշների ողորմության արդյունքը կլինի։ Դե ապրելը ո՞րն է՝ խղճուկ գոյություն պահպանել»,-նշում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան