Փաշինյան. Պարզվեց՝ 29.800 քկմ-ն կլորացրած թիվ է
«Եկեք բանակցությունների սենյակում տեղի ունեցածի մասին ես շատ փակագծեր չբացեմ։ Այնպես չի, որ բանակցային սենյակում մթնոլորտը շատ պոզիտիվ է, նրանք հայտարարություններից հետո կարող են եղած պոզիտիվի պոտենցիալն էլ նվազեցնել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում խոսք է եղել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ 29.800 քկմ տարածքում։
«Դուք նկատել եք, որ Ադրբեջան ասում է՝ մենք Հայատանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք ու տարածքային պահանջներ չունենք։ Բանակցային սենյակում հարց ծագեց, իսկ ի՞նչ ի նկատի ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Իսկ ի՞նչ ի նկատի ունի Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, առաջարկվել է գաղափար, որ կան օբյեկտիվ տվյալներ ու պետք է հղում արվեն տարածքի տվյալների վրա։
«Գաղափարն ընդհանուր առմամբ դիտարկելի ու քննարկելի էր։ Ասեցինք, շատ լավ։ Բայց ի՞նչ թիվ։ Պատկերացնո՞ւմ եք՝ իրադրության լարումը, որ կողմերը պետք է ասեն, մեր երկրի տարածքն այդքան է։ Այնտեղ առաջարկվեց դուրս գալուց հետո հայտարարել այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ։ Ես առաջին գործողությունը, որ արեցի, կապվեցի մեր գործընկերների հետ, խնդրեցի նկարել հանրագիտարանից այդ տվյալներն ու ուղարկել։ Չնայած ես այդ թիվը հիշում էի՝ 29.800 քկմ։ Դրանք փոխանցվեցին ԵՄ քարտուղարին, դա հրապարակվեց։ Երբ մանրամասն դիտարկեցինք, տեսանք, որ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան։ Տիտղոսին գրած է 29.800, հետո պարզվեց, որ դա կլորացրած թիվ է, տեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29.743 քկմ։ Հետո ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանի պետական մարմինների կայքերում, ես հետո ստուգել եմ այդ տվյան այնտեղ եղել է տասնյակ տարիներ, որտեղ ՀՀ տարածք նշած է 29.743 քկմ, կներեք էլի, ուրիշ թիվ է գրած»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը