Աշխարհում մոբայլ սարքերի վրա գրոհների թիվը 2023-ին աճել է 52%-ով. «Կասպերսկի»
«Կասպերսկի» ընկերության փորձագետները վերլուծել են 2023-ի մոբայլ սպառնալիքների լանդշաֆտը և եկել այն եզրակացության, որ մոբայլ սարքերի անվտանգության սպառնալիքների աճող տարածվածությունն ուղեկցվում է վնասաբեր մոբայլ գործիքների և տեխնոլոգիաների զարգացմամբ: Ընկերության փորձագետների կարծիքով՝ գրոհների թվի աճի նկատելի միտում է նկատվում. 2023-ին նման գրոհների թիվը հասել է 33 790 599-ի, ինչը զգալի՝ գրեթե 52% աճ է 2022-ին գրանցված 22 255 956 գրոհի համեմատ:
Մոբայլ սարքերի համար ամենատարածված սպառնալիքը եղել է գովազդային ԾԱ-ն՝ ծրագրային ապահովման մի տեսակ, որը ցուցադրում է անցանկալի (և երբեմն նյարդայնացնող) լողացող գովազդներ, որոնք կազմում են հայտնաբերված բոլոր սպառնալիքների 40,8%-ը: Ինչ վերաբերում է բանկային տրոյացիներին, ապա նման չարամիտ ծրագրերի տեղադրման փաթեթների քանակը նվազել է մինչև 153 682՝ նախորդ տարվա կտրուկ աճից հետո, երբ այդ ցուցանիշը կրկնապատկվել էր: Միևնույն ժամանակ, մոբայլ բանկերների օգտագործմամբ գրոհների թիվը մնացել է գրեթե նույն մակարդակի վրա։
«Կասպերսկի»-ն հայտնում է, որ կիբեռհանցագործները հաճախ բջջային սպառնալիքներ են տարածում հավելվածների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական խանութների միջոցով: 2023-ին ընկերության փորձագետները հայտնաբերել են բազմաթիվ վնասաբեր հավելվածներ, որոնք թափանցում են Google Play։ 2023-ին քողարկման ամենատարածված տեսակներից մեկը կեղծ ներդրումային հավելվածներն էին, որոնք օգտագործում էին սոցիալական ինժեներիայի մարտավարությունն՝ օգտատերերի անձնական տվյալները, առաջին հերթին հեռախոսահամարներն ու լրիվ անունները կորզելու համար։ Դրանք հետագայում ավելացվում էին հեռախոսային խարդախության համար օգտագործվող տվյալների բազաներում: Դիտարկված գրոհների մյուս տարածված ուղղությունը WhatsApp-ի և Telegram-ի վնասաբեր մոդերն էին, որոնք նախատեսված էին օգտատերերի տվյալները գողանալու համար:
«2023-ի ընթացքում Android-ի համար վնասաբեր ծրագրերի ակտիվության աճը նշանավորում է տագնապալի տեղաշարժ հարաբերական հանգստի ժամանակահատվածից հետո: Տարեվերջին հասնելով մակարդակների, որոնք հիշեցնում են 2021-ի սկիզբը, այս աճն ընդգծում է այն նշանակալի սպառնալիքը, որին բախվում են օգտատերերը: Սա վառ հիշեցում է զգոնության պահպանման կարևորության և զարգացող կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար անվտանգության հուսալի միջոցների ներդրման մասին»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության մոբայլ անվտանգության փորձագետ Անտոն Կիվվան:
2023-ի մոբայլ սպառնալիքներին նվիրված ամբողջական հաշվետվությանը կարելի է ծանոթանալ Securelist.com կայքում։