Դավիթ Թումասյան. Այսօր ուսանողի սպանության դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը
«Այսօր ուսանողի սպանության դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որը կատարվում է ծայրահեղ ագրեսիայի, անհանդուրժողականության, մարդատյացության և ինքնահաստատման համատեքստում ձևավորվող շարժառիթներով»,-նման կարծիք է հայտնել իրավաբան Դավիթ Թումասյանը։
Նրա խոսքով, նման արարքները կարելի է նախականխել, եթե երեխաների մոտ ձևավորվի դրական սոցիալական կապերի վրա հիմնված առողջ արժեհամակարգ, ինչի համար ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, որ՝
1 - ծնողները լինեն արդար՝ չպաշտպանեն իրենց երեխային, եթե նա սխալ է կամ մեղավոր, առավել ևս դա չանեն ճիշտ և արդար գործող «հակառակորդին» մեղադրելով կամ նվաստացնելով, առավել ևս եթե այդ անձը համադասարանցի է, համակուրսեցի, դաստիարակ, ուսուցիչ, դասախոս, տարիքով մեծ մարդ,
2 – երեխայի մոտ ձևավորվի հարգանք այլ անձնաց կարծիքի հանդեպ, անգամ եթե նրանք ունեն իրենց կարծիքը,
3 – երեխաների նկատմամբ չկիրառվի չափազանց խիստ կամ չափազանց մեղմ վերաբերմունք սովորելու, միջանձնյա հարաբերություններ ձևավորելու, առաջադրանքները կատարելու կամ սոցիալականացման ընթացքում,
4 – յուրաքանչյուր երեխա ունենա վստահելի ՄԵԾԱՀԱԿ՝ ծնող, տատ, պապ, հորեղբայր, քեռի, մորաքույր, հորաքույր, ավագ քույր կամ ավագ եղբայր, ում կվստահի և ում հետ կկիսվի իր խնդիրներով, և ամենակարևորը՝ ով կկարողանա տա ՈՂՋԱՄԻՏ և ԲԱՆԱԿԱՆ խորհուրդներ,
5 – արգելվեն (ոչ միայն օրենսդրությամբ, այլ նաև գործնականում՝ առավել խիստ վերահսկողություն սահմանելով և սանկցիաներ կիրառելով) հեռուստատեսությամբ բռնություն, ատելություն, ագրեսիա քարոզող, դրանք արժևորող, դրանց միջոցով հարցերը կարգավորող սերիալները, ֆիլմերը, հաղորդումները, հարցազրույցները, ներառյալ՝ դրանց քողարկված տարբերակները,
6 – սահմանվի արգելված այն առարկաների, իրերի, նյութերի ցանկը, որոնք երեխան չի կարող ձեռքբերել կամ պահել իր մոտ և որոնք չի կարող իր հետ տանել կրթական, խնամքի, դաստիարակչական, մարզական կամ այլ հաստատություն, և դրա համար տեղադրվեն համապատասխան սարքավորումներ, ստուգիչ գործիքներ, պահասենյակներ և այլն,
7 – ծնողների հետ պարբերաբար իրականացվեն բացատրական աշխատանքներ, որպեսզի նրանք ոչ թե համառորեն պնդեն իրենց երեխայի «բացառիկ ճիշտ և անթերի լինելու մասին», այլ գիտակցաբար կհասկանան, որ այդ խորհուրդները տրվում են երեխայի լավագույն շահերից ելնելով՝ նրան հետագա խնդիրներից զերծ պահելու համար և ավելին՝ ծնողները պետք է պարտավորվեն երեխային ներկայացնեն ամբողջական օբյեկտիվ տեղեկությունը և աշխատեն նրա հետ այլ ոչ թե մեղադրեն դպրոցին, ուսուցիչներին, համացանցը, բակը և այլն….
Հ.Գ. Մինչև չլինեն համակարգային աշխատանքներ իրազեկման, կանխարգելման, իսկ որոշ դեպքերում պատժելու առումով, մենք անընդհատ առերեսվելու ենք անմեղ մահերի հետ…. Առերեսվելուց հետո մի քիչ խոսենք դրա մասին, վրդովվենք, հուզական արտահայտություններ անենք, հետո ամեն ինչը մոռանանք և վերհիշենք հերթական զարհուրելի մի դեպքին առնչվելով։