Դանակահարություն՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ. 18-ամյա ուսանողը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա:
Ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես կան արնանման հետքեր:
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:
Ըստ աղբյուրի, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի է ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն, որի ժամանակ էլ երեխային դանակի մի քանի հարված են հասցրել:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սովորում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում: