«Հրապարակ». ԱԱԾ-ն հենց Փաշինյանի հրահանգներն է կատարում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ում Նիկոլ Փաշինյանի հրամանով ԱԱԾ-ն ՀՀ-ում անցանկալի անձ էր ճանաչել, պատմել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած վերջին այցի ժամանակ Մակրոնի, իր և Փաշինյանի միջև խոսակցություն է եղել, և վերջինս Մուրադ Փափազյանին խոստացել է, թե ԱԱԾ-ին կասի, որ չբողոքարկեն վարչական դատարանի վճիռը, որը հօգուտ Փափազյանի է կայացվել։
Վարչական դատարանը բավարարել էր Մուրադ Փափազյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի և պարտադրել վերացնել պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին որոշումը։ Նույնկերպ վարչական դատարանը բավարարել էր նաև սփյուռքահայ դաշնակցականներ՝ հայր և դուստր Մասիս և Սյունե Աբրահամյանների հայցադիմումները։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ հարցնելով, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել հօգուտ Փափազյանի կայացված վճիռը, որպեսզի հասկանայինք՝ ԱԱԾ-ն կատարե՞լ է Փաշինյանի հրահանգը, թե՞ ոչ։ ԱԱԾ-ից այնպիսի պատասխան ենք ստացել, որը վկայում է, որ ԱԱԾ-ն հենց Փաշինյանի հրահանգներն է կատարում։
Այս պարզ ու անմեղ հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասել են, թե մեր պահանջած տեղեկությունը Մուրադ Փափազյանի անձնական կյանքին է վերաբերում, ուստի «չեն կարող պատասխանել»։ Փափազյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան ասաց, որ ԱԱԾ-ն Փափազյանի օգտին կայացված վճիռը չի բողոքարկել, բայց բողոքարկել է Սյունե և Մասիս Աբրահամյանների օգտին կայացված վճիռները, թեև ԱԱԾ-ն բոլորի գործերով էլ դատարան ոչ մի հիմք չէր ներկայացրել, և իրավիճակը միանման էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։