Առանց պատճառի արգելում են Արցախի ԱԺ պատգամավորներին հատել սահմանը, կանչում են ՔԿ ու ԱԱԾ. Մետաքսե Հակոբյան
«Արցախի Հանրապետության պատգամավորները, ովքեր փորձել են հատել Հայաստանի սահմանը, թույլ չեն տվել։ Նրանք արդեն տոմս են գնած եղել, այսինքն տեղյակ չեն եղել, որ նման սահմանափակում կա, միայն օդանավակայանում են պարզել, որ իրենց թույլ չեն տալիս հատել սահմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ յուրաքանչյուր անգամ ստիպված են լինում հաղթահարել ինչ-որ պատնեշներ, որպեսզի հնարավորություն լինի հատել սահմանը։
«Որևէ պատճառաբանություն չկա, անձանց նկատմամբ վարույթներ հարուցված չեն, որևէ վարույթի հիմք չեն բերում, որ ինչ-որ խնդիր կա, որի պատճառով թույլ չեն տալիս հատել սահմանը։ Պարզապես թույլ չեն տալիս և վերջ»,- ասաց Մ.Հակոբյանը։
Նա նաև հայտնեց, որ Արցախի պատգամավորներին կանչում են քննչական կոմիտե, ԱԱԾ։
«Նրանց, որոնց հրավիրվել են, ինչ-որ հարցեր են տվել դեռևս անհասկանալի պատճառներով, նպատակներով, պարզաբանում չկա, թե ինչ վարույթի շրջանակներում են կանչում քննչական կոմիտե կամ ԱԱԾ»,- ասաց ԱՀ Ազգային ժողովի պատգամավորը։
Նրա խոսքով, հարցերը հիմնականում վերաբերում են Արցախում 2023 թ. օգոստոսից կատարված իրադարձություններին, բայց որևէ մեկը չի հասկանում՝ ոչ նպատակը, որ պատճառը։
«Բնական է՝ մենք չենք մտածում, որ կանչում են լուրջ բացահայտումներ անելու համար, այլ արվում է, բնականաբար, ինչ-որ սեփական նպատակներով։
Հայաստանի վարչապետը գործելաոճ է ամրագրել՝ անընդհատ մեղավորներ կարգելու։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր միակ մեղավորը, պատասխանատուն իր անձն է, բայց հաջողությամբ կարողանում է մեղավորներ նշանակել, վարույթներ հարուցել, մարդկանց բանտարկել, հալածել, հետո մոռացվում է մինչև հաջորդ դեպքը։
Սեպտեմբերի 19-ից հետո իրենց համար ստեղծել են բոլոր պատեհ առիթները մեղավորներ կարգելու՝ թե Արցախի իշխանություններին, թե Արցախի Ազգային ժողովին, թե Արցախի հայերին»,- ասաց Մ.Հակոբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները