ԱՐՄԵԴ. Դեղատոմսերի լրացումը նորմալ համակարգչի և ինտենետի առկայության պարագայում տևում է 1-3 րոպե
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը հրապարակել է առավել հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման գործընթացում ԱՐՄԵԴ-ի դերի մասին։
1. Արդյո՞ք ԱՐՄԵԴ համակարգը պատրաստ է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն ու այս ծավալով ծանրաբեռնվածությանը: Արդյո՞ք համակարգում լինում են խափանումներ:
ԱՐՄԵԴ-ը միանգամայն պատրաստ է ծանրաբեռնվածությանը: Մինչև էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումը ԱՐՄԵԴ-ում իրականացվել են օպտիմալացումներ, և համակարգը ներկայումս ավելի արագ է աշխատում: Համակարգի դանդաղության խնդիր չկա: Դեղատոմսերի լրացումը, նորմալ համակարգչի և ինտենետի առկայության պարագայում, տևում է 1-3 րոպե: Բայց, եթե ինտերնետի արագությունը թույլ է, կամ համակարգիչն է շատ հին, ապա, որոշակի դանդաղություն (բայց ոչ խափանում), ընդ որում, ցանկացած ծրագրով աշխատելու պարագայում, կարող է լինել: ԱՐՄԵԴ-ի «Զանգերի կենտրոնի» աշխատանքից հնարավոր է հասկանալ՝ իրականում համակարգն ինքնին խնդիր ունի, թե` ոչ: Նման խնդիր չի արձանագրվել:
2. Մինչև էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը փորձարկվե՞լ է դրա կիրառությունը:
Իհարկե փորձարկվել է: Մինչև էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը՝ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով կենտրոնացված գնումներով և՛ անվճար պայմաններով, և՛ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար երկու միլիոնից ավելի դեղատոմս է դուրս գրվել: Գործընթացին մասնակցել է ԱԱՊ ողջ անձնակազմը՝ քաղաքայինից մինչև գյուղական ամբուլատորիաներ: Բուժհաստություններն աշխատել են թե՛ իրենց ներքին դեղատների, թե՛ այլ դեղատների ու դեղատնային ցանցերի հետ:
3. Արդյո՞ք էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի բարդացնում բժշկի աշխատանքը, չի ավելացնում նրանց ծանրաբեռնվածությունը:
Թղթային դեղատոմսը լրացնելիս բժիշկը յուրաքանչյուր անգամ պետք է լրացնի պացիենտի տվյալները՝ անուն, ազգանուն, տարիք և այլն, ինչպես նաև դեղի անվանումը, չափաքանակը, ընդունման եղանակը: Էլեկտրոնայինի դեպքում պացիենտի տվյալներն ամեն անգամ մուտք անելու կարիք չկա, քանի որ դրանք պահպանվում են համակարգում․ հարկավոր է մուտքագրել միայն պացիենտի սոցիալական քարտը կամ անձնագիրը կամ անուն, ազգանուն, ծննդյան թիվը, իսկ դեղատոմսը հիմնականում լրացվում է անվանումներն ընտրելու ավտոմատ ձևով, ինչը շատ ավելի արագ է ստացվում: Բացի այդ, վերանում է թղթերի, մատյանների, ստորագրությունների, կնիքների անհրաժեշտությունը, կարիք չի լինում լրացված դեղատոմսը մուտքագրել համակարգ, որպեսզի վճարվի պետպատվերը:
4. Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը արդյո՞ք դեղատների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական կամ տեխնիկական ծանրաբեռնվածություն չի առաջացնում:
Դեղատների կողմից ԱՐՄԵԴ համակարգին միանալը` դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումն իրականացվում է անվճար: Դեղատների վրա ֆինանսական որևէ լրացուցիչ ծանրաբեռնվածություն, ԱՐՄԵԴ համակարգով աշխատելու պատճառով, չի կարող լինել: Այսինքն, հաշիվ բացելու, խորհրդատվության, ուսուցման և այլ ծառայությունների համար սակագին սահմանված չէ: Ինչ վերաբերում է դեղատներում համակարգչի ու ինտերնետի առկայությանը, դա արդեն լիցենզիոն պայման է:
5. ԱՐՄԵԴ-ը էլեկտրոնային հարթակ է տրամադրում բուժհաստատություններին, և սպասարկման համար սակագին ունի: Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումով բուժհաստատությունների համար սակագնի ավելացում նախատեսվո՞ւմ է:
Ո՛չ, որևէ ֆինանսական փոփոխություն նաև բուժհաստատությունների համար առկա չէ: Նրանք շարունակում են աշխատել նույն կերպ ու նույն սկզբունքով, ինչ նախկինում: Հատուկ էլեկտրոնային դեղատոմս լրացնելու համար նրանք գումար չպետք է վճարեն։ Բուժհաստատությունների համար սակագներ նախատեսված են այցերի մուտքագրման համար՝ անկախ տվյալ այցում դեղատոմսի առկայությունից։
6. Հնարավո՞ր է, որ պացիենտի տվյալները համակարգի միջոցով հասանելի դառնան այլ անձանց:
Դա բացառված է: Տվյալները խստագույնս պաշտպանված են: Բժիշկը լրացնում է էլեկտրոնային դեղատոմսը: Դեղագետը տեսնում է միայն դեղորայքի անվանումն ու չափաբաժինը. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն դեղատան աշխատակցի համար հասանելի չէ:
7. Վերջերս հայտարարված՝ դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսերի թիվը որոշ մասնագետների մոտ կասկած է առաջացրել: Արդյո՞ք առկա է անճշտություն:
Ոչ մի անճշտություն չկա: Համակարգը ցույց է տվել դուրս գրված բոլոր էլեկտրոնային դեղատոմսերի ընդհանուր թիվը՝ ինչպես նոր եղանակով դուրս գրված, այնպես էլ պետպատվերի շրջանակում և բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար համար նախատեսված դեղատոմսերը, որոնք մինչ համակարգի լայնամասշտաբ ներդրումն արդեն իսկ դուրս էին գրվում էլեկտրոնային դեղատոմսով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան