«Ժողովուրդ». Փաշինյանը հաջորդ շաբաթ կզեկուցի կառավարության ծրագրի 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը և նախարարները հաջորդ շաբաթ կգնան խորհրդարան: Մարտի 19-ին մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու է նաև ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախագիծն անձամբ զեկուցելու է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության զեկույցը բաղկացած է լինելու մի քանի բաժիններից՝ Անվտանգություն, ԼՂ-ի բռնի տեղահանվածներին աջակցության վերաբերյալ հարցեր, Արտաքին քաղաքականություն՝ ներառյալ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Իրան, Հայաստան-ԵՄ և այլ երկրների հետ հարաբերությունների մասին զեկույց, Սփյուռքի հետ կապեր, Պաշտպանություն, Կոռուպցիայի դեմ պայքար և այլն:
Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, ըստ էության, իրենից ներկայացնում է անցնող 2023թ.-ին տարբեր ոլորտներում արված աշխատանքի, ինչպես նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքների ամփոփում:
Ինչպես զեկույցի մակագրությունից երևում է, այն կազմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ուսումնասիրելով զեկույցը՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագներ է առանձնացրել:
Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի կազմած զեկույցից տպավորություն է, որ Արցախի հայաթափման հարցում մեղավոր են բացառապես ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը, իսկ Հայաստանը՝ որպես ԼՂ անվտանգային երաշխավոր, որևէ պարտավորություն չուներ, ագրեսոր Ադրբեջանը՝ որևէ մեղավորություն չունի ԼՂ հայաթափման հարցում։
«2020, 2021, 2022 թթ. պատերազմական իրադարձություններից հետո, երբ ՀԱՊԿ-ն անարդյունավետ գտնվեց, Լեռնային Ղարաբաղում (այսուհետ՝ ԼՂ) տեղակայված Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) խաղաղապահ զորախումբն ի վիճակի չեղավ կանխելու Լաչինի միջանցքի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մեկնարկած ապօրինի շրջափակումը, ապա և 2023 թվականի սեպտեմբերին՝ հայերի բռնի տեղահանումը ԼՂ-ից, Կառավարությունն անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշում է կայացրել», – նշված է կառավարության զեկույցում:
Կառավարությունն այս զեկույցում նաև «խոստովանել է», որ նախորդ տարի Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներն անարդյունավետ են եղել, կամ, իրենց ձևակերպմամբ, «հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել»:
Կառավարության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով մեկ շաբաթում բռնի տեղահանվել է ԼՂ-ում բնակվող ավելի քան 100 հազար հայ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։