Իրանում կրակի փառատոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի
Իրանում Կրակի տոնին նվիրված տոնակատարությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 26-ի, վիրավորվել է 4360 մարդ: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի խոսքով, տոնական օրերին մոտ 1400 շտապօգնության կայան է բերվել բարձր պատրաստականության։ Միայն Թեհրանում օրական 1800 ահազանգ է ստացվել հրդեհի վտանգի մասին, մահացել է մայրաքաղաքի 2 բնակիչ։ Հիմնականում քաղաքացիները այրվածքներ են ստացել կրակի վրայով ցատկելու և պիրոտեխնիկայի ոչ պատշաճ օգտագործման պատճառով։
Չահարշանբե-Սուրին կամ «Կարմիր չորեքշաբթին» կրակի տոն է, որի հաջորդում է իրանական Նոր տարին՝ Նովրուզը (տոնում են մարտի 21-ին)
Այն իրանական ամենահին տոներից մեկն է: Միլիոնավոր իրանցիներ դուրս են գալիս քաղաքների ու գյուղերի փողոցներ ու խարույկ վառում, որոնց վրայով ցատկում են ամբողջ գիշեր։