Ժողովրդին պետք է ոչ թե մեղադրել, այլ առաջնորդել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«Այս խնդրի մասին երկու օր առաջ էի ուզում գրել։ Բայց այն այսօր էլ է ակտուալ ու վաղն էլ է ակտուալ լինելու։ Խոսքը վերաբերվում է այսպես կոչված հեղափոխությանը մասնակցած տարբեր շրջանակների դեմ ուղղված արշավին։ Նայում եմ՝ Կոնսերվատորիայի ուսանողները բողոքում են բուհի փակման որոշման դեմ, իսկ մարդիկ չարախնդում են՝ թե բա 2018-ին փողոց են փակել ու հիմա արդար է, որ հայտնվել են կառավարության թիրախում։ Լու՞րջ։ Ժողովուրդ, լու՞րջ։
Էսպես մենք տեղ չենք հասնի։ Երբեք տեղ չենք հասնի։ Չի կարելի սոցիալական խմբերին թիրախավորել։ Բժիշկներն էլ են փողոց փակել, դե եկեք չբուժվենք իրենց մոտ։ Ուսուցիչներն էլ են փակել՝ ի՞նչ անենք, երեխեքին դպրոց չուղարկե՞նք։ Լավ, ես հասկանում եմ, երբ թիրախավորողները սովորական քաղաքացիներ են։ Մեծ հաշվով՝ հոգու խորքում իրենք էլ են «փողոց փակող»։ Այսինքն՝ թրենդերին տրվող (Все побежали и я побежал)։ Բայց ո՞նց կարող է քաղաքական գործիչը, հանրային կարծիքի առաջատարը իրեն այդպես պահել։ Ումի՞ց են դժգոհում։
Նախ, սկսենք նրանից, որ այսպես կոչված հեղափոխությունը Նիկոլի քայլելով չի սկսվել ու ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականով ավարտվել։ Դա երկար տարիներ պատրաստված գործընթաց էր, որին, ի դեպ, այսօրվա քննադատերից շատերն են մասնակցել՝ որոշները գիտակցաբար, որոշները՝ ոչ այնքան։ Այդ հայտնի փողոց փակելուն շատ բաներ են նախորդել՝ սկսած տարատեսակ կապտամազերի «իրավունքների» պաշտպանությունից ու բանակի դեմ տարվող քարոզչությունից, ավարտելով ավելի խորքային մակարդակում պետության դեմ իրականացված դիվերսիաներով ու ժողովրդին տարբեր շերտերի բաժանող տարատեսակ ծրագրերով։ ՓողոՑ փակելն այդ հանցավոր ծրագրի վերջին արարն էր ընդամենը։ Հիմա մենք ինչու՞ ենք աչք փակում մինչ փողոց փակելը տեղի ունեցած զարգացումների վրա ու թիրախավորում փողոց փակող ուսանողներին։ Չլինի՞, թե այն պատճառով, որ այն նախորդ փուլում մեր մեղքերն էլ են շատ եղել։
Եթե մենք ուզում ենք հասարակություն կոչվելու իրավունք ունենալ և կրկին ուժեղ պետություն ստեղծել, մենք պետք է ոչ թե չարախնդանք ու արդարությունը մեր ուզած ձևով մեկնաբանենք, այլ կանենգնենք Կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների կողքին։ Եվ ոչ միայն նրանց։ Հիշեք՝ ժողովուրդը միշտ նմանվում է իր ակտիվ փոքրամասնությանը։ Եթե ակտիվ փոքրամասնությունը ծառայում է իր պետությանն ու ազգային արժեքներին, ժողովուրդն էլ է այդպես անում։ Եթե ակտիվ փոքրամասնությունը դավաճանում է իր պետությանը, նույնն է անելու նաև ժողովուրդը։ Հիմա եկեք ծուռ նստենք ու դուզ խոսենք՝ ինչի՞ պետք է նմանվի մեր ժողովուրդը՝ տեսնելով սոցիալական ցանցերում և քաղաքական դաշտում ծավալվող քննարկումները։
Ես նախապես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ով կարող է վիրավորվել խոսքերիցս կամ անձամբ իր վրա վերցնել ասածս։ Հավատացեք՝ նման ոչ մի նպատակ չունեմ։ Ոչ թե անձանց, այլ ընդհանուր թրենդերի մասին եմ գրում։ Բայց նաև խնդրում թրենդ ստեղծող մարդկանց մտածել ասածներիս շուրջ։ Նորից եմ կրկնում՝ էսպես մենք տեղ չենք հասնի։ Ժողովրդին պետք է ոչ թե մեղադրել, այլ առաջնորդել»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան