Չարենցը տվել է բանաձևը, մեզ մնում է միայն իրագործել. բանաստեղծի ծննդյան 127-ամյակն է
«Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը» (Հրանտ Մաթևոսյան):
Այսօր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 127-ամյակն է։
Բանաստեղծի հուշակոթողի մոտ Չարենցի անվան թիվ 67 դպրոցի աշակերտները ծաղիկներ խոնարհեցին, արտասանեցին հատվածներ չարենցյան տողերից, նշեցին՝ հպարտ են, որ սովորում են հենց Չարենցի անվան դպրոցում։
«Միգուցե դա էլ է նպաստել, որ ես այսքան սիրում եմ Չարենցին»,- ասաց աշակերտներից մեկը։
«Չարենցի արդիականության և հավիտենության գաղտնիքը նրա հանճարն է։ Այն հանճարը, որը ծնվեց ժողովրդից ու վերադարձավ ժողովրդին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։
Նա նշեց՝ Չարենցը ոչ մի պարապ, դատարկ տող չունի, ամբողջը և իր կյանքի, և իր ժողովրդի պատմության բանաստեղծական արտահայտությունն է։
«Այդ իսկ պատճառով նրանից ոչ միայն անընդհատ մեջբերումներ կարվեն, այլև Չարենցի տեղը հավիտենության մեջ է։ Չարենց ասելիս, Չարենց մեծարելիս պետք է անպայման դառնանք և փառաբանենք մեր ժողովրդի հանճարը, Խորենացուց, Նարեկացուց եկող, Սայաթ-Նովայով, Թումանյանով, Տերյանով եկող այն մագման, որ հասավ Չարենցին և ինքը ժառանագորդաբար այդ ջահը վառ պահեց ամենադժվար ժամանակներում՝ դրան զոհելով իր կյանքը»,- ասաց գրականագետը։
Հարցին՝ Հայաստանում այսօր տիրող իրավիճակը չարենցյան ո՞ր տողով կբնութագրի, Դավիթ Գասպարյանն ասաց. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
«Եթե Չարենցը հավատում էր, մենք պետք է միանանք նրա հավատին։ Մի մոռացեք, ամենածանր ժամանակներում գրեց»,- ավելացրեց նա։
Չարենցի թոռնուիհին՝ Գոհար Չարենցը նշեց, որ բանաստեղծի սեփական ճակատագիրն այնքան նման եղավ իր հայրենիքի ճակատագրին, բայց նա միշտ եղել է իր ժողովրդի կողքին, ինչպես այսօր և ընդհարապես ժողովուրդն է եղել նրա կողքին։
«Ես կրում եմ Չարենցի արյունը, որ շատ կարևոր է և մեծ հպարտություն է Չարենցի թոռնուհի լինելը։ Նաև մեծ պատասխանատվություն»,- ասաց Գոհար Չարենցը։
Նա նշեց, որ Չարենցը տվել է բանաձևը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», իսկ մեզ մնում է միայն իրագործել։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան