Փաստաբանը գրառմամբ ստուգում է ԲԴԽ-ի և ԱՆ-ի անաչառությունն ու զգայունությունը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է.
«Քանի որ ունենք նախադեպ` ԶԼՄ-ներով փաստաբանի հրապարակումը հիմք ընդունելու, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, հետագայում նաև դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, ուստի ես էլ օգտվում եմ իմ` որպես փաստաբանի իրավունքներից, և հրապարակում, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (միևնույն ժամանակ նաև դատարանի նախագահ) Աննա Արզումանյանը թիվ ԿԴ/1004/02/23 քաղաքացիական գործով պարտավորված է եղել 29.12.2023թ.-ին հրապարակել վճիռ, սակայն առ այսօր դիմողը չի ստացել վճռի օրինակը, իսկ դատալեքս տեղեկատվական համակարգը լրացվել է 08.03.2024թ.-ին, ինչի արդյունքում ԽԻՍՏ խախտվել է դիմողի ոչ միայն դատավարական, այլ նաև ՄԻԵԿ-ով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը։
Լրատվականներին խնդրում եմ ակտիվ տարածել հրապարակումը, ինչը նաև հիմք կհանդիսանա ԲԴԽ-ի և արդարադատության նախարարության անաչառությունն ու զգայունությունը ստուգելու համար։
P.S. Որևէ մեկը հույս չունենա, որ սահմանափակվելու եմ միայն հրապարակմամբ։ Մնացած հիմքերը հաջորդիվ` առավել մանրամասն և հիմնավորված կներկայացվի ըստ օրենքի պահանջի»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ որոշմամբ՝ գործ ունենք կամայականության անթաքույց դեպքի հետ. Մելիքյան
- ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները