Աշոտյանը՝ դատավորին. Դուք ձեր լուման ունեք, որ Հայաստանում ադրբեջանական դիվերսանտ լինելն ավելի ապահով է, քան ընդդիմադիր լինելը
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով քննությունը:
Դահլիճ մտած քաղաքական գործչին ներկաները դիմավորեցին ծափահարություններով, Աշոտյան, Արմեն վանկարկումներով։
«Աշոտյա՛ն, ցավդ էլ տանեմ»,- ընկերոջն այսպես դիմավորեց կուսակցության մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ի պատասխան Աշոտյանը ձեռքի շարժումով ողջունեց ու համբույրներ ուղարկեց դահլիճում նստածներին։
Այսօրվա դատական նիստին ներկայացել էր տուժող կողմի՝ ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը:
Դատական նիստի սկզբում դատավորն ընթերցեց դատարանին հասցեագրված ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի դիմումը, ըստ որի, Բժշկական համալսարանն այս գործի շրջանակում գույքային պահանջի վերաբերյալ հայց չի ներկայացնելու:
Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, որ նա որպես անկողմնակալ ու արդար դատարան չի ընկալվում։
«Դատավորը ենթակա է բացարկման, քանի որ չի համապատասխանում անկախ և անկողմնակալ դատավորի կարգավիճակին, նրա գործողությունները հիմք են տալիս կասկածելու նրա անաչառությանը»,-մասնավորապես ասաց Աթանեսյանը։
Միջնորդությանը միացավ նաև Արմեն Աշոտյանը։
«Միամիտ չեմ՝ կարծելու, որ դուք այս ակնհայտ փաստերի ճնշման ներքո կգտնեք ուժ՝ հրաժարվելու այն հանձնարարությունից, որ ստացել եք, այն է ավարտին հասցնել այս խայտառակ, իշխանությունների կոկորդին մնացած գործը»։
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց՝ այնպես չէ, որ Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Մալյանի, իր նկատմամբ գործողությունները վնաս են հասցնում միայն ազատազրկված մարդկանց, դրա մասին վկայում է միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի մասին հրապարակած կարծիքները։
«Որքան վատ եք աշխատում դուք, այնքան վատ է Հայաստանի մասին կարծիքը, ընդհանրապես, և հատկապես այս գործով, քանի որ այն ամենաաղմկահարույցներից ու գտնվում է խոշորացույցի տակ։ Ի՞նչ են գրում միջազգային կազմակերպությունները նաև Ձեր «շնորհիվ»։ Գրում են՝ Հայաստանում դատարանները առնչվում են քաղաքական համակարգային ազդեցության, դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից»,-ընթերցեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց՝ ամիսներ շարունակ ինքը գտնվում է անազատության մեջ, ապա դիմելով դատավորին, ասաց.
«Ստացվել է այնպես, որ Դուք ձեր լուման ունեք, որ Հայաստանում ադրբեջանական դիվերսանտ լինելն ավելի ապահով է, քանի որ այդ մարդիկ ազատվում են, քան ընդդիմադիր լինելը»։
Մյուս մեղադրյալների պաշտպանները միացան միջնորդությանը, սակայն դատախազն առարկեց դրա դեմ:
Դատավոր Վահե Դոլմազյանն իր խոսքում նշեց՝ ինքնաբացարկի համար բերված փաստերը հիմնավոր չեն, և միջնորդությունը ենթակա է մերժման:
Գործով մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպանը միջնորդեց հետաձգել նիստը՝ այն հիմնավորմամբ, որ իր պաշտպանյալն առնվազն մեկ ժամ պետք է հանգստանա, իսկ դատարանի միջանցքներում դա հնարավոր չէ անել: Առարկություններ չեղան, և դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ նիստը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 16:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ, որ քրեական գործերի հետ մեկտեղ լոբի էլ կստանանք.Նիկոլ Փաշինյան
- Փաստաբան. Սերգեյ ջան, դուխդ հերիքեր, որ Աշոտյանին թողեիր, մի բան կունենայիր թոռներիդ պատմելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան