Հայ մշակույթի փառատոն՝ Ֆրանսիայում
Առաջին անգամ Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լա Ռոշֆուկո-ըն-Անգումուա պատմական տարածքում 2024թ.-ի մարտի 15-17-ն ընկած ժամանակահատվածում կկայանա «Հայաստանի պատկերները» փառատոնը (Visages d’Arménie Festival): Փառատոնի կազմակերպիչներն են Primavera Foundation of Armenia հիմնադրամը և Hardiese Production կազմակերպությունը (Ֆրանսիա):
Primavera Foundation of Armenia հիմնադրամից հայտնում են, որ եռօրյա փառատոնը հայկական մշակույթն ու պատմությունն ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն է, որի ընթացքում մասնակիցները կբացահայտեն տաղանդավոր ու ստեղծարար հային: Փառատոնը հատուկ նշանակություն կարող է ունենալ սփյուռքահայության համար, այն հնարավորություն կտա նրանց վերամիավորվել իրենց ժողովրդի հիշողությունների և ավանդույթների հետ և ծանոթացնել ընտանիքի նոր անդամներին իրենց պատմական հայրենիքի հետ:
Փառատոնի բազմազան ծրագրում ընդգրկված են անվանի երաժիշտների համերգներ, գրավիչ ճանապահորդություն դեպի հայկական խաղողագործության դարավոր ավանդույթները, հայկական պատմությունն ու մշակույթը:
«Խաչատրյանը և նրա տիեզերքը» խորագիրը կրող մենահամերգով հանդես կգա համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար, Չայկովսկու դաշնակահարների միջազգային XV-րդ մրցույթի 1-ին մրցանակակիր Դմիտրի Մասլեևը, Նարեկացու և Կոմիտասի հոգևոր ու ժողովրդական ժառանգությունը կներկայացնեն Լիլիթ Պետրոսյանը (քանոն), Հարություն Չոլակյանը (դուդուկ) և «Լույս» վոկալ կվինտետը, Կոմիտասի, Խաչատրյանի և Բաբաջանյանի ստեղծագործություններով հանդես կգան հայկական արմատներով երաժիշտներ Թոմաս Լեֆորտը (ջութակ) և Ռուբեն Կոզինը (դաշնամուր): Կկայանա համաշխարհային ճանաչում ունեցող հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Մենք» (1969թ.) վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Մարտի 11-17-ը հանրության համար բաց է լուսանկարիչներ Սևակ Ասրյանի «Արցախյան պատկերները» (Visages of Artsakh) և Սուրեն Մանվելյանի «Հայերի պատկերները» (Visages of Armenians) լուսանկարչական ցուցահանդեսները: Վերը նշված միջոցառումները ուղեկցվում են դասախոսություններով և քննարկումներով:
«Այս գրավիչ իրադարձության շնորհիվ, ինչպես ֆրանսիացիներն, այնպես էլ հայերը հնարավորություն կստանան բացահայտել, լսել, տեսնել և զգալ Հայաստանը և ավելի խորը կապեր հաստատել դարավոր մշակույթ ու տաղանդավոր ժողովուրդ ունեցող այս երկրի հետ»,- նշում են հիմնադրամից։
Primavera Foundation of Armenia մշակութային, բարեգործական հիմնադրամը հիմնադրվել և գործունեություն է ծավալում Հայաստանում 2022թ.-ից: Այն ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և արվեստի մենեջմենթի զարգացմանը: Հիմնադրամի համահիմնադիրներն են միջազգային երաժշտական մենեջմենթի բնագավառում մեծ փորձ ունեցող Անաստասիա Բուդանոկը և Ելենա Յակովլևան, իսկ գեղարվեստական խորհրդի ղեկավարն է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վասիլի Պետրենկոն:
Մեկ տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը կազմակերպել է դաշնամուրի, ջութակի, կիթառի, կամերային անսամբլի անվճար վարպետության դասեր, համերգներ, դասախոսություններ ու կլոր սեղանի շուրջ քննարկումներ Տավուշի մարզում (Նոյեմբերյան, Իջևան, Կողբ), Սյունիքի մարզում (Մեղրի, Գորիս, Կապան, Ագարակ), ինչպես նաև Գյումրիում և Երևանում, որից օգտվել են շուրջ 3.100 մասնակիցներ: Վերը նշված միջոցառումներն իրականացվել են աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած անվանի երաժիշտների մասնակցությամբ: