Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի մեկնաբանությամբ
Մարտի 13-ին Լոռու մարզային գրադարանում տեղի է ունեցել Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը, ներկա են եղել մտավորականներ, գրադարանի ընթերցողներ և աշխատակիցներ, հոգևորականներ։ Գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը նշել է, որ աշխատությունն աչքի է ընկնում գիտական բարձր մակարդակով։ Հեղինակը կատարել է մանրակրկիտ աշխատանք՝ համադրելով հայ և օտարալեզու սկզբնաղբյուրներն ու գիտական աշխատությունները։
Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը կարևորել է որմնանկարների դերը աստվածաշնչյան իրողությունների ճանաչողության գործում։ Մենք որմնանկարների օգնությամբ հաղորդակցվում ենք աստվածային երևույթներին։ Այս ամենը մեզ է փոխանցում նաև Տեր Հեթում քահանայի գիրքը։
Գրքի հեղինակ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը խոսել է որմնանկարների պատվիրատուի, հեղինակների, պատմական նշանակության մասին։ Նա նշել է, որ Ախթալայի վանքի գլխավոր այցեքարտը հենց որմնանկարներն են, բայց դրանք ունեն հատուկ մեկնաբանության կարիք։
Լոռու մարզային գրադարանից նշում են, որ զբոսավարները հաճախ սխալ են մեկնաբանել որմնանկարները։ Հենց այդ հանգամանքն էլ նախնական ազդակ է դարձել, որ Տեր Հեթումն ստեղծի որմնանկարների մեկնաբանությանը նվիրված առանձին աշխատություն։ Հեղինակն իր խոսքում կարևորել է նաև ռուս գիտնական Ալեքսեյ Լիդովի մեծ դերն այս աշխատության կերտման գործում։ Ա․ Լիդովն իր կոթողային գրքով և բանավոր խորհուրդներով շատ է օժանդակել Տեր Հեթումին։ Հենց նա է տվել հայ ընթերցողին որմնանկարների սյուժեները ներկայացնելու անհրաժեշտության գաղափարը։ Տեր Հեթումը կատարել է որմնանկարների պատկերային և գաղափարական վերլուծություն։
Միջոցառման ընթացքում «Տաղեր» վոկալ քառյակը հանդես է եկել երաժշտական կատարումներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան