Դպրոցներից մեկում մեզ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. Զոհված զինծառայողի հայր
«Որդիների կանչ» ՀԿ անդամները կազմել են 7 հոգանոց խմբեր, որպեսզի այցելեն տարբեր մարզեր ու փորձեն պարզել՝ դպրոցներում կա՞ն զոհված զինծառայողների հիշատակին նվիրված «Փառքի անկյուններ»։
«Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանն ասուլիսում պատմեց մի քանի միջադեպերի մասին, որոնք Արագածոտնի մարզում են տեղի ունեցել իրենց այցերի ժամանակ։
«Արագածոտնի մարզի Ափնայի միջնակարգ դպրոցում մուտքի մոտ կանգնած էին մի քանի հոգի։ Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ ագրեսիվ մեզ դիմավորեցին։ Տնօրեն Սուսաննա Հակոբյանը թույլ չտվեց նկարահանել, ապա թույլ չի տվել դպրոց մուտք գործել։ Ասաց, որ իրենք նկուղում դասասենյակ ունեն, «Փառքի անկյունը» տեղափոխել են այնտեղ։ Պարզվեց՝ ոնց որ ՆԶՊ-ի դասասենյակն է, նկարներն էլ այնտեղ են տեղափոխել։ Ասաց՝ կարող ենք տանել, տեսնեք, բայց նկարել չի կարելի։ Ագրեսիվ տոնը շարունակվեց մինչև դուրս եկանք»։
Շաքրո Մհոյանի անվան Ալագյազի միջնակարգ դպրոցի տնօրենը նույնպես արգելել է զոհված զինծառայողների ծնողներին մտնել դպրոց և տեսնել «Փառքի անկյունը»։
«Տնօրենն եկավ, ասաց՝ ես վերադասից համաձայնություն չունեմ: Այստեղ մի թեթև միջադեպ եղավ, իրենք ձայնն էին բարձրացնում: Ես ներկայացա։ Ինձ ասում էր՝ ձեզ չեմ ճանաչում, կարող է դուք մուսուլման եք»,- պատմեց Ա. Ռոստոմյանը։
Երրորդ կանգառը Ծաղկահովիտի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցն էր։
«Մենք ասացինք՝ գնում ենք մեր տղաների նկարները նայենք, խոնարհվենք։ Տնօրենը՝ Եղիշե Անտոնյանն, ասում է՝ վստահեցնում եմ ձեզ, ձեր տղաների նկարներն այնտեղ չկան։ Ասում ենք՝ հասկացեք, բոլորն են մեր տղաները։ Իրեն արդարացնելու համար ասաց՝ ցուցում ունեմ, ցուցում կա։ Ձայնագրությունները կան»,- ասաց նա։
Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցում ծնողներին թույլ են տվել մուտք գործել և տեսնել պատերազմում նահատակված զինծառայողների Փառքի անկյունը։
Ա. Ռոստոմյանը վստահ է, որ «Փառքի անկյունները» փակելու մասին գրավոր հրաման չկա. «Այս երկրում որևէ բան այդպես չի արվում։ Իրենք ամեն հրամանը ներքին կարգով տալիս են, արձագանք է լինում, սպասում են մեկ ամիս, տեսնում են աժիոտաժը մարեց, դրանից հետո ներքին կարգով հանում են»։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն ասաց. «Միգուցե հաճույք են ստանում»։
Իսկ Արա Ռոստոմյանը համոզված է, որ «Փառքի անկյունները» հանելը, եկեղեցու նկատմամբ քայլերը և այլ քայլեր ցույց են տալիս, որ ուզում են ամբողջությամբ վերացնել ազգայինը, ջնջել հիշողությունը։
Հարակից հրապարակումներ`
- Տնօրենները ցուցում ունեն արգելել զոհվածների ծնողներին մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները. «Որդիների կանչ» ՀԿ
- Ուզում եմ՝ ծնողներին հանգիստ թողնեն, այդ մարդիկ առանց այդ էլ ալեկոծված են. Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայր
- ՊՆ-ն՝ զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու լուրերի մասին
- ԿԳՄՍՆ՝ Փառքի անկյունները դպրոցներից հանելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա