ԵՄ-ի վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել. ԱԳ փոխնախարար
«Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել»,- Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Նա ափսոսանքով նշեց, որ կա մեկ ոլորտ, հարց, որտեղ դեռևս չեն հասել իրենց ուզած արդյունքին. «Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով պրոգրես կա, ապա մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, մուտքի արտոնագրերի հարցն է։
Այստեղ աշխատանքներ էին տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կա առաջընթաց, հակառակը՝ հետընթաց է արձանագրվել։ Անգամ «Erasmus»-ի ծրագրով ԵՄ մեկնող ուսանողները, որոնց դեպքում չպետք է լինի որևէ դժվարություն, ունեն խնդիրներ, որոշ պաշտոնյաների դեպքում ևս եղել են խնդիրներ»։
Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ ԱԳՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից նույնիսկ այն դեպքերում, որտեղ բարդ էր պատկերացնել, որ կլինեն դժվարություններ։
«Կրկին անգամ փորձում ենք ակտիվացնել մեր աշխատանքները և մեծ հույս ունենք, որ մինչև եվրոպական ընտրություններն՝ այս տարի կունենանք առաջընթաց այս հարցում։ Ընդ որում, աշխատում ենք երկու ուղղություններով՝ և վիզաների ազատականացման ուղղությամբ, և արդեն գործող, կնքված պայմանագրի վերականգման ուղղությամբ, քանի որ կորոնավիրուսային համավարակից հետո այդ պայմանագիրը չվերականգնվեց լիարժեք՝ թե՛ հերթերի, թե՛ գնային առումով։ Ցավոք, զգալի հետընթաց էր։
Վստահեցնում եմ ձեզ, որ ԱԳՆ-ն երբևիցե այս հարցով այդքան ջանքեր չի ներդրել, ինչքան անցած տարի և այս տարվա սկզբին։ Լիահույս եմ, որ մոտ ամիսների ընթացքում կունենանք առաջընթաց»,- ասաց Պ. Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ
- Վիզաների ազատականացման վերջնական որոշումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ համագործակցությանը. Միրզոյան
- Վիզաների վճարը թանկանում է մայիսի 30-ից
- Բարդ իրավիճակ է այս պահին. Անդրեա Վիկտորինը՝ վիզաների հետ կապված խնդիրների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները