Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան և Հայաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Բրյուսել կատարած այցից հետո նախատեսում է այցելել հարևան երկրներ։ Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին նա լրագրողներին ասել է մարտի 14-ին։
Կոբախիձեի խոսքով, շաբաթ օրը կայցելի Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։
«Հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը հիմնական առաջնահերթություններից է, հետևաբար՝ պատահական չէ, որ Բրյուսել այցից հետո այցելություններ կլինեն հարևան երկրներ, շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը։ Ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»,- ասել է վարչապետը։
Կոբախիձեն վարչապետի պաշտոնում առաջին այցը կատարել է Բրյուսել։ Փետրվարի 21-ին նրա առաջին արտասահմանյան այցը կայացավ Եվրամիության կառույցների և ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։
Փետրվարի 23-ին Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։