Երկու եղբայր կանեփի լաբորատորիա են հիմնել, թմրամիջոցներն իրացրել են «Տելեգրամի» միջոցով
Վաղարշապատի քրեական հետախույզները փետրվարի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածն քաղաքի Արագածի զանգվածում բնակվող երկու եղբայր Արմավիրի մարզում և Երևանում «Տելեգրամ» հավելվածի միջոցով տարբեր վայրերում տեղադրելով` իրացնում են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Նաև տվյալ կար, որ ավագ եղբայրը մարիխուանան պատրաստում է հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում աճեցրած կանեփից: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Սկսվեց տեղեկությունները ստուգելու և ճշտելու հետևողական գործընթաց, որի նպատակը կասկածելիներին հանցափաստով մերկացնելն էր:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, մարտի 14-ին խուզարկություն կատարվեց եղբայրների բնակարանում: Հայտնաբերվեց զիպ փականով 18 փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդանուր քաշը ավելի քան 747 գրամ էր:
42-ամյա եղբայրը հայտնեց, որ հայտնաբերվածն իրենն է, փաթեթներն էլ պատրաստել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով իրացնելու համար: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Մանուշյան փողոցում գտնվող հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում: Փաստացի այստեղ էր բնակվում նաև ավագ եղբայրը: Բակում հայտնաբերվել է կանեփի աճեցման համար կահավորված լաբորատորիա, որտեղ կար կանեփի 23 թուփ: 44-ամյա եղբոր մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Խորդանոցում հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ: Ավագ եղբայրը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել` «Տելեգրամի» միջոցով իրացնելու համար, իրենն է նաև ատրճանակը, որը բերել էր 44-օրյա պատերազմից հետո:
Ձերբակալվել են նաև ավագ եղբայրն ու հորեղբոր որդին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։