Գողացել են 24news-ի տնօրենի համակարգիչը
«Բանուկ փողոցում բացել են մեքենաս ու գողացել համակարգիչս: Երևանի կենտրոնում, առանց վնասելու մեքենան»,-ահազանգում է 24news.am լրատվական կայքի տնօրեն Նարեկ Գալստյանը։
Ավելի ուշ նա մանրամասնել է.
«Դեպքի մասին: Մեքենաս կայանված է եղել Սարյան փողոցում՝ Նոր Հալեպ ռեստորանի դիմաց ժամը 19:00-ից մինչև 21:00, հետո՝ 21:15-ից մինչև 23:00 Տերյան փողոց՝ Նիկոլ Աղբալյան դպրոցի մոտ:
Սարյանում երբ կայանել եմ, համակարգիչս իր պայուսակով եղել է մեքենայի մեջ: Այսինքն, տարել են այս ընթացքում, դուռը բացել են առանց մեքենան վնասելու:
Իսկ դա հնարավոր է, եթե որսում են մեքենայի բանալիի հաճախականությունը: Մեքենայից որևիցե այլ բան չեն տարել: Հիմա ոստիկանությունում հաղորդում եմ տալիս, բայց առնվազն տարօրինակ է, որ Կենտրոնում՝ այսքան կամերաների առկայության դեպքում, նման բան է տեղի ունենում: Հետևությունները հստակ են, իմ կարծիքով պատահական չի այս ամենը:
Մնացյալը՝ տեսնենք»։
Արձագանքելով տեղի ունեցածին՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Փաստորեն հիմա էլ Նարեկի համակարգիչ են գողացել, ընդ որում, դուռը բացել են առանց մեքենան վնասելու: Մեքենան մեծ հաշվով չեն թալանել, տարել են միայն համակարգիչը: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են. նման բան հնարավոր է միայն «ժողովրդավարության օազիսում», որն ինդետիֆիկացվում է անգրագետ մի ֆյուրերիկի հետ»։