Հայաստանը պետք է ապրի և վերջ. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
««Հայաստանը Եվրոպա է և վերջ». Սա Նիկոլի նոր կարգախոսն է, որը ծանր ասոցիացիաներ է առաջացնում տարիներ առաջ հնչեցրած նրա մեկ այլ «և վերջի» հետ։ Թե ինչով ավարտվեց այն, գիտենք բոլորս։ Թե ինչով է ավարտվելու այս մի վերջը, կարող ենք կանխատեսել այս պահից։
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով այս իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները։ Սա շատ կարևոր է հասկանալ, որպեսզի կարողանանք ճիշտ հանրային դիմադրություն կազմակերպենք։ Իշխանությունը դնելու է վտանգավոր, բայց գրագետ-հաճելի նարատիվ, և մեր խնդիրն է լինելու՝ այն հակակշռել գրագետ-առողջ նարատիվով։ Կոպիտ ասած՝ եթե կրկին շարժվենք «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսի անալոգով՝ «Հայաստանն առանց եվրոպացու», ապա ձախողելու ենք։
Եվ այսպես.
- Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ տարածքային, ՀՀ իշխանությունները բավարարելու են «սա է Եվրոպա գնալու գինը» ձևակերպմամբ։
- Սահմանադրական նվաստացուցիչ փոփոխությունները բավարարվելու են՝ «սա է Եվրոպա գնալու գինը»։
- Ռուսաստանի հետ առճակատումը և դրա ցավոտ սոցիալական-տնտեսական (առնվազն) հետևանքները ժողովրդի վրա ծախելու են՝ սա է Եվրոպա գնալու գինը ձևակերպմամբ։
- Ներքին այլանդակ բոլոր քայլերը, որոնք մարդկանց կյանքն էապես դժվարացնելու են, արդարացվելու են՝ սա´ է եվրոպա գնալու գինը։
Եվրոպան առանց որևէ կոնկրետության մի կոնֆետ է, որը կախվելու է հայ հավաքական մտքի ու էմոցիաների վրա, որով խաղացնելով՝ հայ ժողովրդին տանելու են անդունդ հերթական անգամ, այս անգամ՝ անհավատալի չափերի։
Եվրոպան, որտեղ մեզ չեն սպասում
Շատ կարևոր է ի սկզբանե ճիշտ ձևակերպել կոնտր-նարատիվը։ Եվրոպան մեր թշնամին չէ, Եվրոպան այս պահին Ռուսաստանի թշնամին է, բայց մենք կարող ենք դառնալ Եվրոպա-Ռուսաստան հակամարտության նոր տարածք։ Բառիս բուն իմաստով՝ ռումբերի ու հրթիռների ընկնելու տարածք։ Նոր ժամանակներում երկրները նախընտրում են պատերազմները վարել պրոքսի-տարածքներում։ Մենք այսօր ամեն կերպ ձգտում ենք դառնալ ԱՄՆ/ԵՄ-Ռուսաստան հակամարտության նոր ֆիզիկական մարտադաշտը։ Եվրոպան չունի ՀՀ անվտանգությունն իրապես ապահովելու որևէ լծակ։ Եվ վերջապես՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում։ Ավելի պարզ ասած՝ մեզ սպասում են այնպես, ինչպես Ուկրաինային։
Մենք դա՞ ենք ուզում։
Եվրոպան՝ որպես լավ գործընկեր
1991 թ-ից սկսած Հայաստանը ունեցել է ճիշտ օրակարգով լավ զարգացող հարաբերություններ Եվրոպայի հետ։ Այստեղ ամենակարևորը ճիշտ օրակարգն է։
Լ. Տեր-Պետրոսյանի օրոք կնքվել է Հայաստան-Ռուսաստան ամենակարևոր փաստաթուղթը, ռուսական աջակցությամբ մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմը, բայց Արևմուտքի հետ ունեինք փայլուն զարգացող հարաբերություններ։
Ռ. Քոչարյան օրոք Ռուսաստանի հետ և´ անվտանգային, և´ մյուս բոլոր առումներով ունեինք ամենաբարձր, վստահելի հարաբերությունները, միևնույն ժամանակ Ցեղասպանության ճանաչման բուռն գործընթաց գնաց ողջ արևմտյան աշխարհով։ Հայաստանի հիմնական խոշոր ներդրումներն Արևմուտքից էին՝ Քրքորյան, Էռնեկյան, Գաֆեսճյան, Սեմ Սիմոնյան, Ալբեր Բոյաջյան, Լուիզ Սիմոն-Մանուկյան, Ջ. Թուֆենկյան և այլն, Հազարամյակների մարտահրավերների ծրագիր։
Ս. Սարգսյանի օրոք երկարաձգվեց ռուսական բազայի պայմանագիրը, բազան էապես արդիականացվեց։ Հայաստանը ստացավ գերժամանակակից զինատեսակներ, և արևմուտքը դա համարեց նորմալ։ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, ինչի շնորհիվ առ այսօր ՀՀ տնտեսությունը կարողանում է աճ արձանագրել։ Բառիս բուն իմաստով՝ Հայաստանի տնտեսությունը շնչում է ԵԱՏՄ հնարավորությունների շնորհիվ։ Միևնույն ժամանակ 2017-ին կնքվեց CEPA-ն ՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հետևություն
Արևմուտքի հետ ճիշտ օրակարգ դնելու դեպքում ստանում ենք լուրջ գործընկեր և մեծ օգուտ։ Սխալ օրակարգի դեպքում Արևմուտքը ոչինչ չի կարող առաջարկել՝ ո´չ անվտանգություն, ո´չ տնտեսական դիվերսիֆիկացիա։ Դա հեքիաթ է, որը տեսել է մեր բարեկամ Վրաստանը, որը մի շիշ գինի չէր կարողանում վաճառել Եվրոպայում, իսկ հիմա բազմապատիկ մեծացրել է իր արտահանումը Ռուսաստան, և դա այսօր տեսնում է ուկրաինացի ժողովուրդը, որը մեռնում է հրթիռների տակ, իսկ եվրոպական հարևան պետությունները խոչընդոտներ են ստեղծում ուկրաինական ապրանքների համար՝ իբր լեհ ֆերմերների ու վարորդների տեսքով, և իբր կոնգրեսի անհամաձայնությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան