Ունենք որոշակի մտավախություններ՝ կրթական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված. Փաշինյան
«Հանրային անվտանգության և առողջության տեսակետից կարևոր եմ համարում երկու խնդիր: Մենք որոշել ենք, և դա ակնհայտ որոշում է, որ պետք է անդրադառնալ ընդհանրապես կրթական հիմնարկների անվտանգության ապահովման խնդրին»,- ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ բազմաթիվ են դեպքերը, և տարբեր երկրներ այս խնդրի լրջությունը հասկացել են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ կոնկրետ իրադրության և իրավիճակների հետ են կանգնել:
«Նաև մեզ համար այսօր այս խնդիրը շատ հրատապ է այն տրամաբանությամբ, որ մենք ունենք որոշակի մտավախություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և այլն: Դա աշխարհում գլոբալ պրոբլեմ է, և մենք պետք է դրա հետ առնչվենք»,- ասել է Փաշինյանը։
Իր ելույթում նա նաև նշել է. «Եվ, իհարկե, դպրոցական սննդի հետ կապված կարգավորումները նույնպես շատ կարևոր են, որովհետև գլոբալ առումով և ՀՀ-ում երեխաների շրջանում ավելորդ քաշի հետ կապված պրոբլեմը դառնում է համատարած: Մենք այստեղ պետք է նաև դպրոցական սննդի ոլորտում կարողանանք որոշակի քաղաքականություններ մշակել, իհարկե, նաև զուգահեռ զարգացնելով դպրոցական ենթակառուցվածքները: Դեռ խոսում ենք դպրոցական ենթակառուցվածքների մաշվածության մասին, երբ առանձին հաշվառենք դպրոցական մարզական ենթակառուցվածքները, կտեսնենք, որ այդտեղ իրավիճակը շատ ավելի վատն է, քան ընդհանրապես դպրոցական ենթակառուցվածքների մասով:
Կարծում եմ` մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է այն տվյալը, թե ծայրահեղ աղքատ ընտանիքների մասնակցությունը որքան է բուհական կրթության ոլորտում: Սա շատ խորը պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք: Իհարկե, ենթադրում ենք, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում պատկերը մի փոքր այլ է, բայց, այնուամենայնիվ, այդ սահիկը ցույց է տալիս, որ ծայրահեղ աղքատ ընտանիքը շարունակելու է մնալ ծայրահեղ աղքատ ընտանիք, ու ծայրահեղ աղքատությունն արդեն դառնալու է ժառանգություն, որը սերնդեսերունդ ուղղակի փոխանցվում է: Եվ սա էլ կառավարության խնդիրն է՝ մշակել մոտեցումներ և քաղաքականություններ այս շղթան ջարդելու համար:
Աղքատության գնահատման նոր համակարգը, որն ուզում ենք ներդնել, շատ կարևոր է, որովհետև, ըստ էության, մենք պետք է գնահատենք, հարգելի գործընկերներ, առանց ամաչելու, և մեր պարտքն է գնահատել, որ սա նաև սոցիալական ապահովության ոլորտում մեր վարած քաղաքականությունների արձագանքն ու հետևանքն է: Այսինքն՝ այն քաղաքական գնահատականը, որ տվել ենք նախկինում, այդ գնահատականն արտահայտվել է նաև կրթության ոլորտում, որովհետև մենք ինչ ենք ասում՝ սոցիալական այն քաղաքականությունները, որ երրորդ հանրապետությունում վարվել են, դրանք հենց եղել են նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Մենք ծայրահեղ աղքատին և աղքատին կամ այդ կատեգորիայում գտնվող մեր քաղաքացիներին ասել ենք` եթե դուք աղքատ եք` շարունակեք մնալ աղքատ, մենք ձեզ համար կսահմանենք այս արտոնությունը, այս արտոնությունը, այս արտոնությունը, բայց եթե հանկարծ դուք հաղթահարեք այդ աղքատությունը` մենք ձեզ կզրկենք այս արտոնությունից, այս արտոնությունից, այս արտոնությունից: Եվ սա լուրջ պրոբլեմ է:
Մենք արդեն իսկ քննարկել ենք այն ծրագիրը, որ առնվազն տեսական մակարդակում համոզիչ է, որ մարդկանց անընդհատ մղելու ենք աղքատությունը հաղթահարելու: Եվ, իհարկե, այստեղ կրթության ոլորտի հետ համադրումը շատ կարևոր է»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում գործող բուհերի բոլոր շենքերը կտրվեն կառավարման միջազգային ընկերության որպես տարածքներ. Փաշինյան
- Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ պետք է չլինի
- Երկու եղբայր կանեփի լաբորատորիա են հիմնել, թմրամիջոցներն իրացրել են «Տելեգրամի» միջոցով
- Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ. Ինչ են գտել փետրվարին ՔԿՀ-ներում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա