Կրկժանի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին՝ ադրբեջանական պրոպագանդայի թիրախում
Ադրբեջանական Ictimai TV հեռուստաալիքով մարտի 8-ին ցուցադրվել է մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում: Տեսանյութը ներկայացնում է Կրկժանում գտնվող ավերակված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Տեսանյութը վերնագրված է որպես «Խանքենդիում քանդված աղվանական հուշարձանները»: Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքում։
«Տեսանյութն ակնհայտ քարոզչական բնույթ ունի․ այն միտված է ծառայելու ադրբեջանական քարոզչամեքենայի առաջ քաշած հիմնական թեզին, որ «հայերը հայկականացրել են տեղի աղվանական եկեղեցիները»: Այս թեզն, իհարկե, նոր չէ, սակայն վերնագրից տեսնում ենք, որ ի հայտ է եկել մեկ այլ վտանգավոր խոսույթ՝ այն է, որ հայերը իբր նաև քանդել են աղվանական հուշարձանները: Այս տեսանյութը նաև սկսում են տարածել ադրբեջանական սոցցանցերում՝ Խանքենդիում քանդված, ոչնչացված աղվանական հուշարձանները վերտառությամբ:
Տեսանյութում չկա և ոչ մի տեղեկատվություն ավերակների մասին, անգամ հիմնավորում, թե երբ է քանդվել հուշարձանը, ինչու է այն ավերակ:
Տեսանյութում ներկայացված ավերակները գտնվում են օկուպացված Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասում՝ նրա բարձրադիր տեղավայրում: Համաձայն հուշարձանի պահպանության գոտու փաստաթղթերի՝ ավերակ եկեղեցին կոչվել է Սբ. Ամենափրկիչ: Ժամանակակից Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում 19-րդ դարում գտնվում էին Վարարակն, Կրկժան, Փահլուլ, Ներքին շեն, Սողոմոնի շեն և այլ հայկական գյուղերը, որոնց մասին վկայություններ են պահպանվել 19-րդ դարի աղբյուրներում:
Կարող ենք տեսնել, որ Կրկժանն այդ գյուղերից մեկն էր: Մակար Բարխուդարյանցը հիշատակում է գյուղը Կարկաժան անվամբ: Բարխուդարյանցը տեղի բնակիչներին բնորոշում է որպես բնիկ, իսկ գյուղի եկեղեցին հիշատակում է Սբ. Ամենափրկիչ, որի քահանան գալիս էր հարևան Ղայբալուշենից: Այսպիսով, 19-րդ դարավերջին եկեղեցին կանգուն էր, իսկ գյուղի բնակիչները հիշատակվում են որպես բնիկ հայկական:
Ներկայումս եկեղեցին ավերակ է: Մասամբ պահպանվում են արևմտյան, հյուսիսային և արևելյան պատերի մնացորդները: Այն հյուսիսից, արևմուտքից և արևելքից հենվում է ժայռերի վրա, ունեցել է խիստ լայն պատուհաններ, որ բնորոշ են 19-րդ դարի եկեղեցիներին: Կառուցված է կոպտատաշ կրաքարերով, շաղախով տեղի ժայռի վրա:
Հուշարձանի շրջակայքում կան մի քանի խաչքարերի բեկորներ, որոնք ցուցում են, որ ներկայիս եկեղեցուց առաջ այստեղ եղել է մեկ այլ՝ ավելի վաղ ժամանակների եկեղեցի կամ սրբավայր, որի տեղում թերևս 19-րդ դարում կառուցվել է ներկայիս եկեղեցին: Դատելով խաչքարերի բեկորներից՝ դրանց 12-13-րդ դարերի են: Տարածքում կան նաև տապանաքարերի բեկորներ, ամբողջական տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով: Համաձայն արձանագրության՝ տապանաքարերից մեկը ոմն Հռէփսիմէ Յովագիմեանինն է, ով վախճանվել է 1870 թվականին:
Այսպիսով, գործ ունենք Կրկժան գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հետ, որ կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցու շուրջը տարածվել է գերեզմանատունը, իսկ եկեղեցու տարածքից գտնված խաչքարերի բեկորները ցուցում են տեղում ավելի վաղ առկա եկեղեցու կամ սրբավայրի մասին:
Խորհրդային տարիներին, Կրկժան գյուղում և եկեղեցու շրջակայքում բնակեցրել են մեծ թվով ադրբեջանցիների: Վերջիններս եկեղեցին վերածել էին անասնագոմի և ավերակ դարձրել: Փաստորեն 19-րդ դարում հայկական գյուղում կառուցված հայկական եկեղեցին, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին վեր են ածել անասնագոմի, ադրբեջանական պրոպագանդայի համար աղվանական եկեղեցի է՝ ավերված հայերի կողմից»,- գրել է կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի թիրախում է Արցախի պետական համալսարանը
- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը
- Ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները
- Արցախի թեմ. Մեզ համար առավել ցավալի է մեր անզոր վիճակը, որ չենք կարողանում արձագանքել կամ կանխել վանդալիզմի դեպքերը
- Ադրբեջանն Արցախում անկախության շրջանի հուշարձանների ոչնչացմամբ փորձում է ջնջել անկախ պետության գաղափարը. Արմինե Տիգրանյան
- Ծանր շինարարական տեխնիկայով ադրբեջանցի վանդալները քանդել են Արցախի ԱԺ-ի շենքը
- Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ Խաչատուր Աբովյանի արձանը. Հայքի մշակութային օմբուդսմեն
- Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը
- Ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը
- Ադրբեջանական վանդալների թիրախում հայտնվել է Մարտակերտ քաղաքի թանգարանը
- Ադրբեջանական կեղծարարության թիրախում է հայտնվել Հաղարծին վանական համալիրը
- Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման դեմ պետական մակարդակով լուրջ հակազդեցություն չկա. Ավանեսով
- Ադրբեջանի համար ամենամեծ խնդիրներից մեկը հայերի պատմական ներկայությունն է արցախյան տարածքներում. Համլետ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան