Շուկան փակվի, բոլորս կմատնվենք սովի.Կոմիտասի պողոտայի շուկայի առևտրականներ
Երևանի Կոմիտասի պողոտայի շուկայի 100 առևտրականներ մինչև ապրիլի 15-ը պետք է ազատեն տարածքը։ Ասել են՝ վերանորոգում են շուկան, սակայն որևէ այլընտրանք չի առաջարկվել, թե որտեղ պետք է մարդիկ վաճառեն իրենց ապրանքը։
«Սկզբում մեզ ասել են մինչև մարտ 20-ը ժամանակ են տալիս, որ դուրս գանք շուկայից։ Իհարկե, չհամաձայնեցինք, ղեկավարության հետ խոսեցինք, մինչև ապրիլի 15-ն են ժամանակ տվել։ Դրանից հետո մենք որտե՞ղ պետք է աշխատենք։ Փողոցո՞ւմ։ Բայց փողոցային առևտուրն արգելված է։ Գոնե Հայաստանի իշխանությունը խղճա այս ժողովրդին, 100 հոգի գործազորւկ է դառնալու, 100 ընտանիք։ Պատկերացրեք, թե ինչ է կատարվում։
Ամենազարգացած երկրներում շուկաներ գոյություն ունեն, իսկ մեր երկրում ինչո՞ւ են փակում շուկաները։ Չգիտենք, հանելուկ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց առևտրականներից մեկը։
Նրանք միլիոնավոր դրամի ապրանք ունեն ու համոզված են, որ մեկ ամսում չեն կարող իրացնել։
«Մենք խնդրում ենք, որ շուկան մնա շուկան։ Բոլորս կմատնվենք սովի, եթե այն փակվի։ Կամ պետք է գնանք փողոցներում կանգնենք, որը չի թույլատրվում, կամ ճանապարհ փակենք, որ արդյունքի հասնենք։ Ինչքա՞ն կարելի է մարդկանց տուպիկի առաջ կանգնեցնել։ Մարդիկ ընդամենը հացի խնդիր են լուծում, այստեղ ոչ մեկ միլիոնատեր չի դառնում, հնարավորություն չունենք խանութներ վարձել ու աշխատացնել։ Վարկեր ունենք, հիմա որ փակեն շուկան, ի՞նչ ենք անելու»,- նշեց մեկ այլ առևտրական։
Նրանք պահանջում են՝ չփակել շուկան, կամ եթե վերանորոգման համար փակում են, իրենց տարածք հատկացնեն։
«Մենք ամեն քայլի դիմելու ենք, ուղղակի պահանջում ենք որպես Հայաստանի քաղաքացի՝ մեզ ապահովեն տարածքով»,- ասացին Կոմիտասի պողոտայի շուկայի առևտրականները։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա