«Ժողովուրդ». Հայաստանում մարդկանց մահացություններն ամենաշատը գրանցվում են արյան շրջանառության հիվանդություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվարին հրապարակած՝ ՀՀ մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների (աղբյուրը՝ մահվան բժշկական վկայականների հիմքով կազմված քաղաքացիական կացության մահվան վերաբերյալ ակտերի գրանցումները) մասին վիճակագրության համաձայն՝ մարդկանց մահացություններն ամենաշատը գրանցվում են արյան շրջանառության հիվանդություններից։ 2023 թվականին այս հիվանդությունից մահացել է 1 375 մարդ, իսկ 2024-ին՝ 1488 մարդ, այսինքն՝ 113 մարդով ավելի։
Մահացության պատճառների շարքի 2-րդ հորիզոնականում է նորագոյացությունից մահերը։ Այստեղ ևս մահացությունների թվերը կրկին աճում են. 2023 թվականին դրանք կազմել են 446 մարդ, իսկ 2024 թվականին՝ 460 մարդ. այստեղ ևս աճ է գրանցվել (14 մարդ)։
Երրորդ հորիզոնականում շնչառական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահերն են։ Նախորդ տարի այս ախտորոշմամբ մահացել է 268 մարդ։ Այս դեպքում, վերջին երկու տարիների համեմատությամբ, նվազել է ցուցանիշը. այս տարվա նույն ժամանակահատվածում մահացել է 249 մարդ, այսինքն՝ 19 մարդով քիչ։
Այս շարքը հաջորդում են մարսողական օրգանների հիվանդությունից, վարակիչ և մակաբուծային հիվանդություններից և այլ հիվանդություններից մահերը։ Ուշագրավ է նշել, որ նախորդ տարի հունվարին Covid-19 վիրուսից մահացել էր 3 անձ, այս տարի այդ վարակից ոչ ոք չի մահացել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։