Ս. Հարություն, Զատիկ. 4 հարց ու պատասխան
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի կնշի մարտի 31-ին։ Տոնին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմը պատասխանել է առավել հաճախ հնչող հարցերին։
-Ինչպե՞ս դուրս գալ Մեծ Պահքից։
Ավագ Շաբաթ երեկոյան (այս տարի՝ մարտի 30) ավարտվում է Մեծ Պահքը: Պահքից դուրս գալու համար պետք է Ս. Զատկի ճրագալույցին՝ շաբաթ օրը, առավոտից ծոմ պահել՝ ոչինչ չուտել, չխմել, բացի ջրից: Երեկոյան պետք է մասնակցել Ճրագալույցի Ս. Պատարագին, ստանալ Ս. Հաղորդություն ու դուրս գալ Պահքից: Պատարագի ավարտին մարդիկ միմյանց ողջունում են Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսով՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այդ երեկո նաև պատրաստում են զատկական ընթրիքը՝ բրնձով ու չամիչով փլավով, ձկով, հավկիթով:
-Ինչո՞ւ է Ս. Հարության տոնը շարժական։
Հիսուս Քրիստոսի ժամանակ օրացույցը հաշվում էին լուսնային ցիկլով: Քրիստոսի Հարությունը տեղի է ունեցել գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Այն փոփոխվում է, քանի որ լուսնային ու արգնակային ցիկլերը օրերի քանակի առումով չեն համընկնում: Նույն սկզբունքով էլ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնը նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը: Այն մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը ժամանակահատվածում է։
-Ս. Հարության տոնը մեծ Զատի՞կն է։
Սխալ է գործածել մեծ ու փոքր Զատիկ արտահայտությունները։ Զատիկ բառը գործածվում է միայն Ս. Հարության տոնի համար: Այն խորհրդանշում է մեղքից, չարիքից զատումը: Հունվարի 6-ը ոչ թե Ս. Հարության տոնին նախորդող փոքր Զատիկն է, այլ Ս. Ծննդյան տոնը:
-Եթե տանը կա հանգուցյալ, կարելի՞ է ձու ներկել, փլավի մեջ չամիչ գցել։
Հավկիթը ներկում են, փլավը եփում չամիչով, անկախ նրանից տանը կա ննջեցյալ, թե ոչ։ Ձուն համարվում է աշխարհի խորհրդանիշ, կարմիր հավկիթը՝ նոր կյանքի սկզբնավորման ու Հարության: Կարմիր գույնը Հիսուսի արյուն խորհուրդն է, որը թափվեց մեր փրկության համար: Փլավի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությանը, չամիչի հատիկները` առաքյալներին, որոնք քաղցրություն բերեցին աշխարհին: Սեղանը զարդարում է նաև ձուկը: Ժամանակին քրիստոնյաները միմյանց ճանաչել են ձկան նշանով։ Ս. Հարության տոնին չեն գնում գերեզմանատուն: Շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է (այս տարի՝ ապրիլի 1):
Հարակից հրապարակումներ`
- Զատիկին ընդառաջ ձուն չի թանկանա. Թռչնաբույծներն են վստահեցրել
- Մեծ պահք. Դատավորի կիրակի
- Մեծ պահք. Տնտեսի կիրակի
- Տեր Վարազդատ քահանա. Քիչ առաջ ինձ զանգահարում և հարցնում են, թե «մեռելների զատիկը» ե՞րբ է