«Փաստ». Փաստացի ՆԳՆ-ն ասում է՝ ձեր աչքերին մի հավատացեք, մենք հիասքանչ ենք աշխատում
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում «Փաստին» են դիմում բազմաթիվ քաղաքացիներ՝ դժգոհելով, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված: Մասնավորաբար, երբ առցանց հերթագրմամբ մոտենալով Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներ՝ քաղաքացին դիմում է նույնականացման քարտ ստանալու նպատակով, նրան տեղեկացնում են, որ «սարքը չի աշխատում», ուստի չեն կարող դիմում ընդունել: Քաղաքացուն ուղղորդում են այլ ստորաբաժանում՝ ընդ որում նշելով, թե որևէ երաշխիք չկա, որ այնտեղ «սարքն աշխատում է»: Այդ իսկ պատճառով, խորհուրդ են տալիս մոտենալ ՕՎԻՐ: Հարցի հետ կապված «Փաստը» դիմեց ՆԳՆ՝ պարզելու, թե ինչու է նման վիճակ ստեղծվել:
Նախարարությունից ստացված պատասխանը փաստացի հաստատում է, որ կա նման խնդիր: «Նույնականացման քարտերի համակարգում ի հայտ եկած անսարքությունների պատճառով քաղաքացիներին նվազագույն անհարմարություններ պատճառելու նպատակով նույնականացման քարտի դիմումի/փոխանակման ամրագրում ունեցող քաղաքացիները ուղղորդվում և սպասարկվում են այլ տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակում՝ առանց հերթագրման սահմանափակումների»։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե երբ կկարգավորվի այս քաոսը:
Ինչ վերաբերում է «առանց հերթագրման սահմանափակումների» ձևակերպմանը, ապա պետք է նշել, որ առանց այն էլ հերթերի մեծ քանակի, առցանց հերթագրման մեծ խտության պայմաններում չափազանց անգործ է պետք լինել՝ ռիսկի դիմելու և հույսը դնելու նրա վրա, որ ժամեր չի կորցնելու՝ մինչ «ազատ պատուհան» կլինի, ու իրեն կսպասարկեն: Մյուս կողմից՝ ստացվում է՝ քաղաքացին քաղաքի մի ծայրից մյուսը պիտի հասնի՝ գտնելու «աշխատող սարքով» ստորաբաժանում կամ մոտենալու ծառայության գլխամասային գրասենյակ:
Հաջորդ խնդիրը վերաբերում է նրան, որ առցանց հերթագրման դեպքում քաղաքացին ստանում է ծանուցում՝ մոտենալ թիվ այսինչ օպերատորին, սակայն տվյալ ժամին այցելելով՝ ականատես են լինում մեկ աշխատող պատուհանի, որի վրա փակցված է միանգամից 3 ցուցանակ՝ 1,2,3 թվերով: Այսինքն, տասնհինգ րոպեի ընթացքում մեկ օպերատորը պետք է սպասարկի տվյալ ժամի համար գրանցված միանգամից 3 քաղաքացու: Նման վիճակի ականատես է եղել նաև մեր թղթակիցը՝ արձանագրելով, որ դրա արդյունքում 9:15-ի համար հերթագրվածները սպասարկվում էին 9:25, ինչը նշանակում էր, որ հետագա ժամերին գրանցվածներն ավելի «հետ էին ընկնելու»:
Այս թեմայի հետ կապված ՆԳՆ-ից ընդամենը պատասխանել են. «Էլեկտրոնային հերթագրում ունեցող քաղաքացիներին ծառայությունների մատուցումը ապահովվում է ամբողջ ծավալով»: Այստեղ, ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների. փաստացի ՆԳՆ-ն ասում է՝ ձեր աչքերին մի հավատացեք, մենք հիասքանչ ենք աշխատում: Եթե սրան գումարենք, որ այլևս չեն տրամադրվում «չիպային» նույնականացման քարտեր, ինչը ահռելի խնդիրներ է ստեղծում մարդկանց համար, վիճակն առավել պարզ կլինի:
Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը օրերս քննարկվել է նաև ԿԲ-ում, քանի որ հատկապես բանկային համակարգում այն լուրջ բարդություններ է առաջ բերում: Բայց սա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։