Երկրից` Մարս կամ Վիեննայից` Արմաշ․ մեկնարկել է «AMADEE-24» առաքելությունը
Արարատ լեռան համայնապատկերին էլ 6 անալոգ տիեզերագնացներ` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, մարտի 12-ին մեկ ամսով մեկուսացան «Մարսյան կայանում»՝ առաքելության իրականացման վայրում։ Այս մասին հայտնում են հայաստանյան նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Կարմիր մոլորակի հետ երկրաբանական ու տեղագրական նմանությունների շնորհիվ է Արարատ մարզի Արմաշ գյուղի տարածքն ընտրվել որպես «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելության իրականացման վայր։
Մարսյան անալոգային կայանը Հայաստանում է, իսկ թռիչքի կառավարման և պլանավորման, գիտության հեռավար աջակցության և մեդիա թիմերը տեղակայված են Վիեննայում։ Բարձր պատրաստվածություն ունեցող անալոգային տիեզերագնացներից և գիտնականներից բաղկացած անձնակազմը «Մարսյան կայանում» գիտափորձեր կանցկացնի տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով՝ նախապատրաստվելով մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ Մարսի ապագա հետախուզական առաքելություններին: Առաքելությանը մասնակցում են ավելի քան 250 գիտնականներ՝ 26 երկրներից։
«AMADEE-24»-ը տիեզերական տեխնոլոգիաների անալոգային հետազոտությունների ոլորտում հեղինակավոր ծրագիր է, որի կազմակերպիչներն են «Հայկական աերոտիեզերական գործակալությունն» ու «Հայկական տիեզերական ֆորումը», իսկ կառավարումն իրականացնում է «Ավստրիական տիեզերական ֆորումը»։
«Մեծ պատիվ է հյուրընկալել «AMADEE-24» առաջատար տիեզերական հետազոտական ծրագիրը Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է հատկապես երիտասարդ սերնդին իրենց մասնագիտական ուղին զարգացնելու տիեզերական արդյունաբերության ոլորտում։ Այս նախագծի շնորհիվ անալոգային առաքելությունների վերաբերյալ փորձն ու գիտելիքը հասանելի է դառնում Հայաստանում։ Մենք պատրաստ ենք շարունակելու այս ուղին հաջորդ տարիներին ևս՝ հիմնելով անալոգների համար նախատեսված լաբորատորիաներ» - նշել է ծրագրի հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանը։
Անալոգ տիեզերագնացների հետ Հայաստան է ժամանել նաև «Ավստրիական տիեզերական ֆորումի» նախագահ Գերնոտ Գրյոմերը։ Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես Մարսի 14-րդ անալոգային առաքելության վայր, լավագույններից է. «Մեր նպատակն է առաքելության շրջանակում ոչ միայն հաջողել, այլև չվախենալ ձախողելուց ու սխալվելուց, դուրս բերել այն հնարավոր խնդիրները, որոնք հետագայում՝ արդեն Մարս թռչելիս, կօգտագործվեն հօգուտ տիեզերագնացների։ Մարս թռչող առաջին մարդը գուցե հենց այստեղ՝ Հայաստանում է ծնվել ու գուցե արդեն դպրոց է գնում, սովորում է առաջին դասարանում (ծիծաղում է,-խմբ)։ Ինչպիսին էլ լինի դեպի Մարս տանող ճանապարհը, այդ ճանապարհի մի մասը լինելու է կարմիր ու սպիտակ, ինչպես Ավստրիայի դրոշն է, բայց նաև լինելու է կարմիր, կապույտ և ծիրանագույն, ինչպես Հայաստանի դրոշն է»,- նշել է Գերնոտ Գրյոմերը։
Անալոգ տիեզերագնացների անձնակազմի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ուայլդը հավելել է. «Շատ ոգևորված եմ այստեղ գտնվել՝ այս հիանալի երկրում, հիանալի մարդկանց հետ միասին։ Սա այն դեպքն է, երբ առաքելությունը հյուրընկալող երկիրն իսկապես հյուրընկալ է՝ բոլոր առումներով։ Ուրախ եմ, որ եկող շաբաթների ընթացքում այստեղ կիրականացնենք տարբեր գիտափորձեր, որոնք մտքերի և հայեցակարգերի ձևով հիմք կհանդիսանան Մարսի հետագա ուսումնասիրությունների համար»։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը (նստավայրը՝ Թբիլիսի), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) Տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, գործակալության ներկայացուցիչ Գաբրիելե Հասելսբերգերը, ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Մինչ միջոցառման կարևորագույն պահը, հյուրերը հնարավորություն ունեցան տեսնել տիեզերագնացներից երկուսին՝ սկաֆանդրներով առաքելության տարածքում շրջելիս, լուսանկարվել նրանց հետ, ինչպես նաև ծանոթանալ 1 ամսվա ընթացքում կիրառվող «MEROP», «RAMSES», «SAMPLE» և այլ գիտափորձերի ռոբոտատեխնիկայի փորձարկումներին։
-Արմաշի մարսյան կայանը սպասում է առաքելության մեկնարկի հաստատման ազդանշանին,- հնչել է Մարսից՝ Արմաշի «Մարսյան կայանից»։
-Առաքելության աջակցության կենտրոնը պատրաստ է «AMADEE-24» առաքելության մեկնարկին,- ի պատասխան հնչել է Երկրից՝ Վիեննայի աջակցության կենտրոնից. ինչպես Երկրից Մարս, այնպես էլ Վիեննայից Արմաշի «Մարսյան կայան» 10 րոպե ուշացումով հաստատվել էկողմերի միջև կապը, և ազդարարվել Մարսի սիմուլյացիոն առաքելության մեկնարկը։
«15-20 տարի հետո, երբ մարդն առաջին անգամ ոտք կդնի Մարսի վրա, դուք կարող եք հպարտանալ և պատմել ձեր երեխաներին, որ ձեզանից յուրաքանչյուրն այս պատմական ճանապարհի մի մասն է եղել», - նշել է Գերնոտ Գրյոմերը, իսկ տիեզերագնացները ծափահարությունների ներքո ուղևորվել կայան՝ առաքելության իրականացման մեկուսացման վայր։
Նրանց հնարավոր կլինի հանդիպել ուղիղ մեկ ամիս անց։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան եկած 6 անալոգային տիեզերագնացներ մեկուսացել են
- Անալոգային տիեզերագնացներն արդեն Հայաստանում են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա